Քիչ առաջ որոշեցինք գնալ Հանրապետության հրապարակ։ Ասել է թե՝ մոտիկից ծանոթանալու տարվա ամենաքննարկված թեմայի ՝ տոնածառի հետ։ Ինչ խոսք, շատ գեղեցիկ էր, ճոխ էր ու համահունչ ընդհանուր հրապարակին։
Բայց...
Այն, ինչ կատարվում է Հանրապետության հրապարակում, միգուցե նորմալ էր 90֊ականներին, շատ լավ կդիտվեր 80֊ականներին, բայց այսօր՝ 21֊րդ դարի Երևանում դա տհաճ է, զզվելի է ու տաղտկալի։
Հարգելի՛ Hayk Marutyan , հարգելի՛ ավագանու անդամներ, ես ձեզ բոլորին վաղը 21։00 հրավիրում եմ Հանրապետության հրապարակ, ձեր փոքրիկներին բերելը պարտադիր է։ Ես պահանջում եմ, որ դուք վաղը մինիմում երեսուն րոպե անցկացնեք Հայաստանի Հանրապետության մայր քաղաքի ամենակենտրոնական հրապարակում՝ ամենագլխավոր տոնածառի մոտ (ես՝ չմահավան քննադատս, մաքսիմում 10 րոպե ձգեցի)։ Ես ուզում եմ, որ դուք գաք ու տեղում տաք բնորոշում այն ամենին, ինչ տեղի է ունենում հրապարակում։ Ի՞նչ է դա՝ բոշի մայլա՞, արևելյան շուկա՞, թե՞ արևմտյան մեգապոլիսի հետնախորշ։ Էդ ի՞նչ անճոռնի ու փնթի մուլտհերոսներ են, էդ ի՞նչ բամբակա֊արևածաղիկային հակահիգիենիկ փարթի է, էդ ի՞նչ նոյի թվի "պոյեզիկներ" են, էլ չեմ խոսում չինական լուսավոր զրթիկների ու ամեն դախլի մոտից հնչող տականք երգերի մասին։
Հարգելի՛ պարոն քաղաքապետ։ Ես հասկանում եմ, որ մեր քաղաքը շատ ու շատ խնդիրներ ունի՝ աղբահանություն, տրանսպորտ, քաղաքաշինություն և այլն, և այլն, սակայն ոչ պակաս կարևոր է նաև քաղաքաբնակների առօրյայի ու ազատ ժամանցի կազմակերպումը։ Ես՝ որպես տուրիզմի մասնագետ, մյուս կողմից էլ կշեշտադրեմ զբոսաշրջիկի սպասելիքները։ Ես այսօր մի պահ փորձեցի պատկերացնել էդ խառնիճաղանջության մեջ հայտնված զբոսաշրջիկի ու սարսափեցի այդ մտքից։
Լուծումներ են պետք։ Մենք արժանի ենք լավ բաների։ Էս փնթիությունը մեզ հարիր չէ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել