Անկեղծ ասած՝ ինձ էլ հետաքրքիր չի, թե ինչ կանի իշխանությունը իր հենասյան հետ: Մի բան գիտեմ. ինչպես էլ վարվի իշխանությունն ինքնարձակուրդում գտնվող մարզպետի հետ, այն լինելու է ոչ ադեկվատ, իսկ հանրային սպասումների առումով՝ ուշացած:
Կրքերը կհանդարտվեն, մեր հասարակությունը սա էլ կուլ կտա: Բայց գորիսյան այս բանդայի արարքների հետևանքները մենք կզգանք ոչ միայն այն հարթության վրա, որում հիմա քննարկվում է, այլև հեռանկարային, տնտեսական:
Ակնհայտ է՝ եթե Հայաստանում ներդրումներ չլինեն, և միջազգային խոշոր կորպորացիաներ չգան Հայաստան՝ բերելով իրենց ստանդարտներն ու կուլտուրան, մոտակա ապագայում բան չի փոխվի: Հիմա դուք պատկերացնո՞ւմ եք որևէ բիզնեսմեն, որ ցանկանում է ներդրումներ անել Հայաստանում և ծանոթանում մեր սոցիալական հարաբերություններին, կարդում էս սպանությունների մասին, ի՞նչ եք կարծում, եթե նա վերջնականապես խելագար չէ, մի կոպեկ ներդրում կանի՞ նման երկրում, ուր մի ողջ մարզում մաֆիան և պետությունը նույն դեմքով են հանդես գալիս:
Եթե չեմ սխալվում, մեր կառավարությունը տուրիզմը հայտարարել է գերակա ճյուղ, նույնիսկ Տաթևում այդ նպատակով տեղադրել է տարածաշրջանի ամենաթանկ զուգարանը: Տաթևը Սյունիքի մարզում է: Ի՞նչ եք կարծում, այդ զուգարանները ի վիճակի կլինե՞ն զբոսաշրջիկների մոտ մեր երկրի մասին գայթակղիչ տպավորություն ստեղծել, եթե վերջիններս ծանոթանան Ղարաբաղը պահելու համար իր տանը մի ամբողջ արսենալ պահող և ղարաբաղյան սպային սպանել ցանկացող մարզպետի մասին:
Այս քայլերով է երկիրը դառնում անհրապույր դրսի համար: Չնայած՝ ինչո՞ւ միայն դրսի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/petros.ghazaryan.9/posts/491136217623285?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել