Խաչքարային մի շարք հորինվածքներում խաչի ստորին թևի երկու կողմերում տեղադրվող արմավազարդերը վերածվում են զույգ «թռչնաթևերի», որոնց ստորին փետրիկները նման են սողունների, միջնափետուրները` թռչնաձագերի, իսկ վերնափետուրը վեր է ածվում կտուցը կուրծքը մխրճող թռչնի: Այս հորինվածքների քննությունը` միջնադարյան մեկնողական աղբյուրների ներգրավումով, հնարավորություն է ընձեռում պարզելու, որ դրանք հավալուսն կամ փյունիկ թռչունների միջոցով ներկայացնում են Քրիստոսի և նրա հետևությամբ՝ ընդհանրապես հավատացյալների հարության այլաբանությունը: Ինչպես որ հավալուսն թռչունն է իր կողը պատռում և արյունով կենդանացնում ձագերին, այնպես էլ Քրիստոսը խաչի վրա պատռեց իր կողը և հեղեց արյունը՝ ի փրկություն մեղավոր մարդկության: Կամ էլ ինչպես որ փյունիկն է պատռում կուրծքը, հրդեհում իրեն և վերածնվում, այնպես էլ Քրիստոսը հարություն առավ՝ ի փրկություն մարդկության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել