Ավարտվում է 2018 թվականը և, որպես տարվա ամփոփում, այսօր ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր այս տարին, առնվազն ի՛նձ համար, դարձրին բավականին կարևոր ու նշանակալի։

Նախ, հատուկ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր առանց լրացուցիչ ջանքերի, բացառապես ինքնակամ, հնարավորին արագ և առանց ավելորդ ձևականությունների հանեցին դիմակներն ու բացահայտեցին տարիներ շարունակ խնամքով թաքցրած իրենց իրական դեմքերը։ Հենց ա՛յս տեսանկյունից 2018 թվականն ինձ համար իսկապես կարևոր ու նշանակալի տարի էր, քանզի չեմ բացառում, որ եթե անգամ երկու կյանք էլ ապրեյի, գուցե այդպես էլ հնարավորություն չունենայի բացահայտել այն կեղծիքն ու երեսպաշտությունը, որով տարիներ շարունակ եղել եմ շրջապատված։

Տղաներ և աղջիկներ, անկեղծորեն շնորհակա՛լ եմ ձեզանից, որ ընձեռեցիք այս բացառիկ հնարավորությունը՝ ձեզ իրապես ճանաչելու, անցյալը վերաիմաստավորելու և ապագան վերաարժեվորված, կայուն հիմքերի վրա կառուցելու անչափ կարևոր և թանկ փորձառությունն ինձ պարգևելու համար։ Ձեր ինքնաբացահայտումն ուղղակի Աստծո պարգև էր, որը, մանրակրկիտ վերլուծելուց հետո, ընդունեցի մեծ սիրով ու գոհունակությամբ։ Նաև երախտապարտ եմ Բարձրյալին, որ հենց ա՛յս փուլում մատուցեց այդ անչափ կարևոր ու թանկ պարգևը՝ հնարավորություն ընձեռելով ավելի բարդ և ճակատագրական պահերին թիկունքս զերծ պահել շահամոլ ու կեղծ նվիրյալ ներկայացող դավաճաններից։ Մի խոսքով, շնորհակալ եմ ձեզանից, որ եղել եք իմ անցյալում և, որ այլևս չեք լինի ո՛չ իմ ներկայում և ո՛չ էլ, առավել ևս, ապագայում։

2018 թվականը նաև կարևոր ու նշանակալի էր այն առումով, որ բացահայտեցի բազում մարդկանց, ում ճանաչել եմ նախկինում, բայց մտերիմ չեմ եղել, նաև ծանոթացա նոր մարդկանց հետ, ովքեր ազնիվ են ու անկաշառ, իրապես նվիրյալ են ու բարոյական, չեն ծախվում 30 արծաթով ու չեն դավաճանում ո՛չ սկզբունքներին, ո՛չ իրենց գաղափարներին և ո՛չ էլ իրենց ընկերներին ու մտերիմներին, որոնց հետ ունեն համատեղ անցած ճանապարհ։ Եվ սա 2018-ի իմ ամենաթանկ ձեռքբերումն է, որի համար ևս շնորհակալ եմ Աստծուն։

Եվ այսօր, օգտվելով առիթից, բոլոր այդ մարդկանց հայտնում եմ իմ երախտագիտությունը։ Շնորհակա՛լ եմ, սիրելիներս, որ դուք կա՛ք ու, վստա՛հ եմ, շարունակելու եք մնալ թե՛ իմ ներկայում, և թե՛ ապագայում։ Աստված պահապան բոլորիս ու մեր ընտանիքներին։

ԲԱՐԻ ԳԱԼՈՒ՛ՍՏ, 2019 ԹՎԱԿԱՆ․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել