Հայրս խելոք ու համեստ մարդ է, մայրս՝ նույնպես, ինձ տեսնողներից շատերը հարցնում են, թե ես ում եմ քաշել:

Մենք հարուստ չենք եղել, ապրել ենք սովորական, ինչպես ասում են, աշխատավարձով ու համեստ: Մենք մեքենա, ճոխ տուն, ճոխ հանգստանալ, չգիտեմ ինչեր չենք ունեցել, բայց քնել ենք հանգիստ:

Հայրս ինձ ու եղբորս ասում է. «Շառից, փորձանքից հեռու եղեք, երեխեք ջան»:

Տիգրանի հայրը՝ Լիսկան, որդուն տվել է ջիպ, ազատել է բանակից (թե չէ) տարեկանը ոչ թե սպայի պետք է վիրավորեր ու սպայի եղբորը սպաներ, այլ այդ սպայի հրամանատարությամբ պետք է ծառայեր), ասել է, ում կուզես, ինչ կուզես, ինչքան կուզես ու որ պոզայով կուզես՝ կանես:

Լիսկայի որդին, ի տարբերություն ինձ, երբեք նեղություն չի տեսել, հակառակը, միշտ ունեցել է այն, ինչ ցանկացել է: Ես ինչ ցանկացել եմ, այն կամ հայրս մեծ դժվարությամբ է ինձ տվել, կամ ես եմ այն վաստակել:

Այսօր Լիսկայի որդին բանտում է, ու ասեմ՝ նրա և նրա մյուս երեխաների կյանքին վտանգ է սպառնում, իսկ ես, հորս հետ նստած՝ մեր տանը, խոսում ենք իրար հետ, կատակ անում, հայրս ինձ հայհոյում է շատ ծխելուս համար, ես կատակի եմ տալիս, մեզ միջամտում ա փոքր եղբայրս, մայրս ասում ա՝ ձայներդ կտրեք, հաղորդում եմ նայում:

Հ.Գ. Ես երջանիկ եմ իմ ընտանիքով: Փողերը դրա համար պետք չեն: Լիսկան երջանիկ է, թե ոչ, չեմ կարող ասել, որովհետև նա մարդասպան է և մարդասպան է դարձրել իր որդուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել