Հանճարեղ գեղանկարչի այս նկարը կանանց պատկերող նրա չորս կտավներից մեկն է և ընդունված է համարել որպես երկրորդ «Ջոկոնդա»: «Կզաքիսով տիկինը» պահվում է Կրակովի ազգային պատկերասրահի հատուկ պահպանության ներքո գտնվող առանձին սրահում և հանդիսանում է քաղաքի խորհրդանիշներից մեկը` նրա բնակիչների հպարտության առարկան:
Կրակովում նկարի հայտնվելու պատմությունը հետևյալն է. 1798 թվականին կտավն Իտալիայից Կրակով է բերում լեհ իշխան Ադամ Չարտորիսկին: 1830-ի լեհական ապստամբությունից հետո Չարտորիսկիների ունեցվածքը բռնագրավվում է Ռուսական կայսրության կողմից, սակայն Ադամ Չարտորիսկին իր հավաքածուն և «Կզաքիսով տիկինը» կտավը հասցնում է ուղարկել Փարիզ, որտեղ բնակություն է հաստատում նաև իշխանը։ 1876-ին հավաքածուն վերադառնում է Լեհաստան, և Կրակովում բացվում է ներկայումս հանրահայտ Չարտորիսկիների թանգարանը: Հենց այնտեղ էլ իր տեղն է գտնում «Կզաքիսով տիկինը»:
Առաջին աշխարհամարտի տարիներին կտավն ապահովության համար տեղափոխվել է Դրեզդենի պատկերասրահ: Երկրորդ աշխարհամարտից առաջ այն թաքցվել է, սակայն 1939-ին կտավը հայտնվել է նացիստների ձեռքում։ Գերմանիայի կողմից Լեհաստանի օկուպացումից հետո 1939-ին նկարը տարհանվել է Լինց` Հիտլերի թանգարան, հետո հայտնվել կայզեր Ֆրիդրիխի բեռլինյան թանգարանում (այժմ` Բոդե թանգարան)։ 1940-ին Լեհաստանի գեներալ-նահանգապետ Հանս Ֆրանկը հրամայում է կտավը վերադարձնել Կրակով։ Պատերազմի վերջում լեհ-ամերիկյան հանձնաժողովը կտավը հայտնաբերում է Ֆրանկի` Բավարիայում գտնվող տանը, և 1946-ին «Կզաքիսով տիկինը» վերջապես վերադարձվում է Կրակովի Չարտորիսկիների թանգարան: Երկու տարի առաջ պետությունը Չարտորիսկիների ժառանգներից գնում է նկարի սեփականության բոլոր իրավունքները, և այժմ Լեոնարդո դա Վինչիի այս գլուխգործոցը հանգրվանել է Կրակովի ազգային պատկերասրահում: