Yerkir.am-ը գրում է.

Հանրային խորհրդում այսօր գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի և կրոնի, սփյուռքի ու միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովների համատեղ նիստ տեղի ունեցավ: Նիստի թեման Սփյուռքի նախարարության լուծարման ու մշակույթի նախարարության միավորման հարցն էր:

Հանրային խորհրդի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մանասյանը ներկաներին հորդորեց ներկայացնել առաջարկություններ, թե ինչպես դուրս գալ ստեղծված իրավիճակից: Նա հիշեցրեց, որ Հանրային խորհրդի որոշումները ներկայացվում են վարչապետին:

Ըստ Մանասյանի` օրերս հեռուստատեսային կարկառուն մի ներկայացուցիչ հայտնել էր, թե՝ այդ ինչպես է, որ ԱՄՆ-ում մշակույթի նախարարություն չկա, բայց մշակույթը ծաղկում է այնտեղ։ «Ուզում եմ այդ տգետներին ասել, որ ԱՄՆ Սենատն ամեն տարի 60 մլրդ դոլար է տրամադրում մշակութային ծրագրեր իրականացնելուն։ Ես էլ եմ համաձայն՝ թող մեզ մոտ էլ մշակույթի ոլորտին գոնե 6 մլրդ տան, ու նախարարություն չլինի։ Հայաստանում նման ֆոնդեր չկան, որ բացառապես մշակույթի ոլորտն են ֆինանսավորում, այդ ֆոնդերի գոյության դեպքում մի փոքր կարող էր մեղմանալ իրավիճակը»,- ասաց նա:

Մանասյանի խոսքով` այսօր այն մարդիկ, որոնք կարող են ֆինանսավորել մշակութային միջոցառումները, որևէ արտոնություն չունեն, ասենք՝ հարկերից որոշակի ազատում և այլն։ Նրա կարծիքով` մշակույթի նախարարության միավորմամբ մի շարք մարդիկ ահավոր վիճակում կհայտնվեն, և մի շարք ծրագրեր պարզապես կյանքի չեն կոչվի։

«Մակունցը հայտարարեց, թե՝ մշակույթը ես եմ, ու հիմա նա գնում է ԱԺ, ու մեզ երևի մշակույթ պետք չէ, քանի որ մշակույթը Մակունցն էր։ Մենք այն կարծիքին չենք, որ Սփյուռքի և մշակույթի նախարարություններում ամեն ինչ իդեալական է, սակայն դա չի նշանակում, որ նախարարությունները պետք է փակվեն։ Մշակութային քաղաքականություն չունենալն ամենամեծ բացն է այս ոլորտում։ Մշակույթի` մեր վերջին 2-3 նախարարները նախարարությունը դարձրեցին պրոդյուսերական կենտրոն, միջոցառումացավը վերջին տարիներին պատել է նախարարությունը, այնինչ` նախարարությունը չպետք է միջոցառում իրականացնի»,- ասաց Մանասյանը` հավելելով, որ նախարարությունը պետք է իր գործառույթները վերանայի, սակայն այն չպետք է լուծարվի:

ՀԽ-ի կրոնի, սփյուռքի ու միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ ԳևորգՄկրտչյանը տեղեկացրեց, որ իրենք արդեն հանդիպել են Սփյուռքի նախարարության աշխատակիցների հետ, խոսքը 90 աշխատակցի մասին է: Նա իր մտահոգությունը հայտնեց նախարարության աշխատակիցների` անգործ մնալու կապակցությամբ` ասելով, որ պարզ չէ` կառավարությունն ի՞նչ է առաջարկում այդ մարդկանց: «Սփյուռքի նախարարության լուծարման հարցը հապճեպ լուծելու հարց չէ: Կարծում եմ՝ հենց Սփյուռքի հետ զրույցների միջոցով պետք է հարցի լուծումը գտնել։ Սփյուռք ասելով` նախ պատկերացնում ենք ներդրումներ, սակայն Սփյուռքն, ի վերջո, մարդկային ռեսուրս է։ Մենք պետք է հստակ ռազմավարություն ունենանք ու հասկանանք, թե, օրինակ, ինչ խնդիրներ կան Ռուսաստանում ապրող հայերի և ԱՄՆ-ում ապրող հայերի մոտ, իսկ նրանց խնդիրները տարբեր են։ Հիմա, երբ որոշել են լուծարել Սփյուռքի նախարարությունը, մեծ համայնքների հետ ինչպե՞ս ենք մեր աշխատանքները տանելու»,- հարցրեց Մկրտչյանը:

Նա նշեց նաև, որ Հայաստանում պետք է մեծ համաժողով կազմակերպվի, որից հետո որոշեն՝ ինչ անել։

Սամվել Հարոյանը, որը Սփյուռքի նախարարության նախկին աշխատակից է և ղեկավարել է նախարարության մշակութային ծրագրերի իրականացման բաժինը, նշեց, որ իրականում  երկրում մի շարք մտահոգիչ իրավիճակներ կան։ Նրա խոսքով` իրականում չեն ընտրվում այն կադրերը, որոնք իրենց գիտելիքներով կկարողանային կողմնորոշել տվյալ գերատեսչության աշխատանքը:

«Ես դեմ եմ երկու նախարարությունները փակելուն, քանի որ թե՛ Սփյուռքի, թե՛ մշակույթի նախարարությունն այս ընթացքում որոշակի դիրքի հասել են: Իհարկե, թերացումներ նույնպես եղել են։ Երկու նախարարությունների ներկայիս ղեկավարներն ընդհանրապես փորձ չունեն: Հա, Լիլիթ Մակունցը լավ աղջիկ է, Մխիթար Հայրապետյանն էլ` լավ տղա, բայց դա չի նշանակում, որ պետք է նախարարներ նշանակվեին։ Նախարարությունները փակելն ինքնանպատակ եմ համարում»,- ասաց Հարոյանը:

Մշակույթի նախարարության նախկին աշխատակից, Պարոնյանի անվան թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանի խոսքով` վերջերս հեռուստատեսությամբ մշակույթի վաստակավոր գործիչներից մեկը հաղորդում է տվել հանցագործության մասին` ասելով, որ այսքան տարի մշակույթի նախարարությունը զբաղվել է միայն փողերի լվացմամբ։ Ըստ նրա` ցավալի է, երբ նման կարծիք է հայտնում մշակույթի վաստակավոր գործիչը:

«Մշակույթի նախարարությունը, այո, չի կատարել այն գործառույթը, որին կոչված էր, սակայն նախարարություն՝ որպես առանձին կառույց, մեզ անհրաժեշտ է, ուղղակի նախարարության գործառույթները պետք է վերանայել: Մշակույթի նախարարությունը պետք է մշակութային քաղաքականության մշակմամբ ու իրագործմամբ զբաղվի: Նախարարությունը ոչ թե պետք է լինի ֆինանսներ բաժանող, այլ պետական մշակութային քաղաքականություն իրականացնող»,- ասաց Շահբազյանը:

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախկին տնօրեն Կամո Հովհաննիսյանը վստահ է` մշակույթը շատ կարևոր է յուրաքանչյուր ազգի համար։ Նա նշեց, որ նախարարությունների միավորման առումով, հավանաբար, ղեկավարման ինչ-որ ձև մշակած կլինեն, և իրեն մտահոգում է այլ հարց: «Ոչ ոք այդպես էլ չի ասում` ինչքան մարդ պետք է կրճատվի ու մնա առանց աշխատանքի։ 5 նախարարության կրճատման մասին է խոսքը, և այդ նախարարությունների աշխատակիցների մասին արդյո՞ք մտածել է կառավարությունը։ Ի լուր աշխարհի ասում ենք՝ վերադարձեք Հայաստան, բայց ի՞նչ ենք անում երկրի ներսում։ Երբ իմ ղեկավարած կազմակերպություններում ինչ-որ մեկն ինչ-ինչ պատճառով դուրս էր մնում աշխատանքից, ես ծանր էի տանում ու մտածում էի` տեսնես ի՞նչ է անելու: Հիմա 5 նախարարության հարց է լուծվում, ու ոչ ոք տվյալներ չի ներկայացնում` քանի՞սն են առանց աշխատանքի մնալու, կառավարությունն ի՞նչ է նրանց առաջարկում»,- ասաց Հովհաննիսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել