Էջմիածնում երեկ գիշերվանից շարունակվում են գեներալ–լեյտենանտ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոքի ակցիաները։ Ակցիայի մասնակիցները պահանջում են, որպեսզի Մանվել Գրիգորյանը կրկին կալանավորվի: 

Այս պահին փակ են քաղաքի կենտրոնական փողոցները, հրապարակը: Ակցիայի մասնակիցներին են միանում նաև մեքենաների վարորդները: Կան նաև վարորդներ, որոնք ճանապարհը փակած քաղաքացիների հետ վիճում են: 
Ոստիկանությունը հերթապահություն է իրականացնում տեղում` թույլ չտալով բախումներ: 

Հիշեցնենք, որ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը 25 մլն դրամ գրավի դիմաց երեկ գիշեր ազատ է արձակվել կալանքից։  

Սեպտեմբերին Մանվել Գրիգորյանի նկատմամբ նշանակված բժշկական փորձաքննության արդյունքում նրա մոտ հայտնաբերվել է 16-ից ավելի հիվանդություն, այդ թվում` քաղցկեղ և շաքարային դիաբետ: 

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին մտահոգություններ էր ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, նրա խոսքով՝ բացահայտվել է Մանվել Գրիգորյանի առողջական և հոգեբանական վիճակի բացասական դինամիկա: Արման Թաթոյանը նաև նշել էր, որ Մանվել Գրիգորյանի հետ առանձնազրույցի արդյունքում համապատասխան գրություն են ուղարկել թե՛ իրավապահներին, թե՛ Արդարադատության նախարարություն: 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը ևս երկու ամսով երկարացրել էր: Դատարանը՝ Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, բավարարել էր նախաքննական մարմնի միջնորդությունը: 

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։ Նա կալանավորվել է այս տարվա հունիսին, դատարանը արդեն երրորդ անգամ էր նրա կալանքի ժամկետը երկարացրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել