Անունը չհիշատակեմ, կարծում եմ` ճանաչում եք․․․ Սա է այն տեսակը, որը որդեկորույս մորը «գիժ անտեր» անվանեց միայն նրա համար, որ այդ կինը հանդգնեց բացասական արտահայտվել այն քաղաքական ուժի հասցեին, որի տաքուկ թևերի տակ հիմա ծվարել է նա։
Սա է այն տեսակը, ով մշակույթի նախարարությունից հնարավորինս քերել է ամեն բան՝ ընդհուպ մինչև տարատեսակ մրցանակներ, բայց այսօր լալ ու քյառի պես պապանձվել է մշակույթի նախարարության փակման հարցով, որովհետև նրա այսօրվա հայրերն են կայացրել այդ որոշումը։
Սա է այն տեսակը, որ առաջնորդվում է «որտեղ հաց, այնտեղ կաց» սկզբունքով, և երբ որ տաք էր արտերկրում, սեփական մաշկի փրկության համար այնտեղ էր ծվարել՝ չհիշելով հայրենիքը, իսկ հիմա երկիրը սասանող քաղաքական ուժը նրան աթոռ է հատկացրել՝ պրիմիտիվ և ոչինչ չորոշող միկրոֆոնով, նա արդեն հայրենիքում է և «սկսել է մտածել երկրի մասին»․․․ Երբ հիմնական ուղենիշդ փառամոլությունն է, այդ դեպքում և՛ աթոռը, և՛ միկրոֆոնը՝ անգամ ոչինչ չորոշող, քեզ համար կարևոր են․․․ Հիմա եղունգներս կրծելով սպասում եմ իշխանափոխության օրերին «ժողովրդի կողքին եղած» արամոների, սոնաշահգելդյանների, լուլուների և մնացածի արձագանքին մշակույթի նախարարության հարցով, որովհետև մի քանի հազար մարդ, որոնք ժողովրդի հատված են, մնում են գործազուրկ։ Եթե ժողովրդի կողքին եք, ուրեմն՝ ձեզ տեսնեմ։ Չնայած գրեթե վստահ եմ, որ մինչև վերջ եղունգներս կկրծեմ, բայց ձեզնից տառ էլ չեմ լսի։