Ով գոնե մեկ անգամ որևէ գործով մտել է մի ինչ-որ նախարարություն, թաղապետարան, մարզպետարան, որևէ պետական կառույց (միանգամից ասեմ, որ ես մտել եմ), պետք է, որ, այդ «օբյեկտներում» աշխատող մարդկանց քանակը տեսնելով, զարմացած լիներ: Անբանության ու պարազիտության մի հավաքատեղի լիներ կարծես:
Մարդկանցով լեցուն կաբինետներ, մարդիկ, ովքեր մինչև կեսօր անընդհատ ժամացույցին էին նայում՝ սպասումով, թե երբ է գալու ընդմիջման ժամը, իսկ ընդմիջումից հետո էլ նույնն էին անում աշխատանքային օրվա ավարտին սպասելով: Հավատացած եղեք, ամեն տեղ աշխատում էին ընդամենը մի քանի հոգի, իսկ մնացածը լավագույն դեպքում թուղթ էին մրում, և վստահ եմ՝ նախատեսված էին ընտրությունից ընտրություն ձայներ բերելու, իրենց ընտանիքներով, ազգուտակով, իշխող ՀՀԿ-ների օգտին քվեարկելու համար: Եվ մեկ էլ, ինչ մեղքս թաքցնեմ, նախարարությունների՝ մարդկանց ինչ-որ բան թույլատրելու կամ արգելելու, նրանց ինչ-որ «թուղթ» տալու կամ չտալու բաժիններում, քաղաքապետարանների, թաղապետարանների կոմունալ, առևտրի և ծառայությունների կազմակերպման և նման այլ կառույցներում լիքը մարդ կար, որոնք նաև «գռդոն» անելու և այդ «գռդոնից» վերևներին իրեց հախը հասցնելու Հռոմի պապից հաստատված ինդուլգենցիա ունեին…
Հիմա, պարզվում է, որ ոչ միայն «գռդոն» անելն է արգելվելու, այլ նաև այդ հաստիքներն են կրճատվելու, և շատերն էլ անգործ են մնալու: Ահա այստեղ է, որ յուրաքանչյուրիս նեղ անձնական շահերը շատ ավելի բարձր են դասվելու պետության շահերից, ու մեծ բախում է տեղի ունենալու, և հեղափոխություն-մեղափոխություն հաշվի չի առնվելու:
Մեծ աղմուկ է բարձրանալու: Դեռ ինչե՜ր են լինելու...