• Ասելիքս տրամաբանված է, բայց և, ի տարբերություն գրառումներիս մեծամասնության, հուզական, ուստի ներողամիտ պիտի լինեն նրանք, ում այն կարող է մարդկայնորեն հուզել։
• Ընտանիքի կողմից առարկության բացակայության դեպքում Մանվել Գրիգորյանը մահից հետո պիտի հուղարկավորվի Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Երկրորդ տարբերակն անգամ չի կարող քննարկվել։ Լեգենդար 5-րդ մոտոհրաձգային բրիգադի (հիմնադիր հրամանատար՝ Ռ․ Մարդանյան) զորավարը, որ դեռ ԽՍՀՄ օրոք Էդիլվա ձորակում պարտիզանական կռիվ էր մղում սովետական օմոնի ու թուրքերի դեմ, մարդ, որին չկոտրեց ո՛չ իր, ո՛չ սիրած կնոջ՝ ադրբեջանական գերության մեջ հայտնվելը, հրամանատար, որն ասեց ու արեց, որ «իշքան էլ վատ ըլնի, էնքան մեր համար հեշտ ա, մեկ ա, ոչ թե գյուղերը պիտի տանք, այլ մենք Ֆիզուլին հարուր տոկոս պտի վերցենք» (https://goo.gl/rQrULB)՝ թուրքի գյուղերից դատարկելով հազարավոր քառակուսի կիլոմետրերով հողեր, որտեղ հայկական կազմակերպված զորք վերջին անգամ Բագրատունիների վախտ էր եղել, կամային ֆանատիկ, որ ամենածանր՝ 1993-1994 թթ․ պատերազմաշրջանում ռազմաճակատի ամենաքայքայված ու բարդ հատվածներում՝ Հորադիզում ու Մարտակերտում կատարեց իր ստորաբաժանման առջև դրված մարտական խնդիրը, չի կարող ունենալ վերջին հանգստի այլ վայր, քան Եռաբլուրը։
• Շատ կներեք, իհարկե, բայց եթե պատերազմի ժամանակ հարյուրավոր այլ սփյուռքահայերի, Ջավախքի հայերի ու, վերջապես, հայաստանցիների պես դեպի Ղարաբաղ դեղորայք հասցրած, մեկ-մեկ էլ՝ տեսանկարահանող սարք բռնած և զուտ պետության նախորդ ղեկավար Սերժ Սարգսյանի ցածր լեգիտիմության շնորհիվ թուրքական ազգայնական քայլերգի հնչյունների ներքո հողին հանձնված Սարգիս Հացպանյանի տեղը Եռաբլուրն է, բա գեներալ Մանվելի տեղը որտե՞ղ է՝ Էջմիածնի քաղաքային գերեզմանո՞ցը, թե՞ դա էլ լայաղ չեք տեսնելու։
• Ու առհասարակ, Մանվելի մասին երկար կարելի ա բանավիճել, ու համոզված եղե՛ք, որ ինչ-որ մի կետից զրույցը դադարելու ա լինել նրա պատերազմական արժանիքների, հետպատերազմյան ենթադրյալ հանցանքների կամ բարոյական նկարագրի մասին։ Մանվելը հավաքական կերպար ա, և ինչպես մյուս դաշտային հրամանատարների ու պատերազմական հերոսների պարագայում, այս դեպքում էլ բանավեճն ինչ-որ կետից վերածվելու ա մտածողական ու գաղափարախոսական մի պարզ հարցի, թե արդյոք մենք ունե՞նք զուտ հայաստանյան ազգային օրակարգ, որով հողը ու, կներեք նացիստական բառիս համար, կենսատարածքը բարձրագույն արժեք են, ըստ այդմ՝ հող ազատողը՝ բնական հարգանքի արժանի մա՞րդ, թե՞ մենք առաջնորդվում ենք միմիայն տվյալ ժամանակաշրջանի իմպերիալիստական աշխարհի, «կոմինտերնի» թելադրած «թրենդային» օրակարգերով։
• Վազգեն Սարգսյանը մի անգամ կիսաաբսուրդային բաժակաճառ ա ասել Մանվելի մասին՝ պնդելով, որ վերջինս Անդրանիկից ավելի ուժեղ հերոս ա, որովհետև հող ա գրավել։ Համեմատությունը մի շարք առումներով, իհարկե, վալիդ չի, բայց մտորելու ու խորհելու տեղ հաստատ տալիս ա։ Մտորե՛ք ու խորհե՛ք…