«Մայրանալն իմ ամենամեծ երազանքն է եղել, և հիմա արդեն մտածում եմ՝ ի՞նչ նոր երազանք կարող եմ պահել, էլ ի՞նչ եմ շատ ուզում: Ես 2018-ին շատ սրտանց ցանկացա մայր դառնալ, և իմ երազանքը կատարվեց»,- BlogNews.am-ի հետ զրույցում նշում է հաղորդավարուհին, ում առաջնեկը կծնվի հունվարին:

«Այս լուրը իմ և ամուսնուս համար երկար սպասված էր: Երկար ժամանակ չէի գիտակցում, որ այդ վիճակում եմ, մինչև փորիկս սկսեց երևալ, և զգացի երեխայիս խաղը: Երբ կգրկեմ երեխայիս, այս զգացողությունը լիարժեք կլինի, երբեմն մտածում եմ՝ արդյո՞ք սա ինձ հետ է կատարվում»:

Հղիության վերջին ամսում գտնվող հաղորդավարուհին չի դադարում աշխատել, նշում է, որ մինչև Նոր տարի աշխատանքային փուլում է լինելու. «Կարծում եմ՝ հունվարին աշխատանքի չեմ գնա։ Եթե ամեն ինչ լավ լինի, մեկ ամսից կվերադառնամ աշխատանքի: Այս ընթացքում ակտիվ կյանքով եմ ապրել՝ հանդիպումների գնացել, զբաղվել շեյփինգով, աշխատել եմ և ինձ բացարձակ վատ չեմ զգացել: Հղիներին հատուկ ցանկություններ չեմ ունեցել, բայց քանի որ վերջին ամսում եմ, սկսել եմ ծանրանալ և հոգնել: Այն հղիներից չեմ, որ գիշերվա կեսին քաղցր է ուզում, կարծում եմ՝ այդ ամենը հորինում են և շահագործում են իրենց ամուսիններին, իսկ ես ուշադրության պակաս երբեք չեմ զգացել իմ ամուսնու կողմից»:

Սիման նշում է, որ բալիկի հետ չի խոսում, միայն այն ժամանակ, երբ զգում է խաղը, այդ պահին կարող է ժպտալ կամ ինչ-որ բան ասել. «Առհասարակ ոչինչ չեմ կարդում, ինչ կապված է հղիության հետ, չեմ ուզում ծանրաբեռնել ինձ ինչ-որ բաներով։ Միակ բանը, ինչ գրանցում եմ, իմ քաշն է և չափսերը, ինչպես նաև հավաքում եմ ՈւՁՀ-ի ժամանակ արված լուսանկարները»:  

Հաղորդավարուհին առաջնեկի սեռը չի ցանկանում բացահայտել, բայց առաջին հնարավորության դեպքում իմացել է. «Ասեմ, որ իմ ուզածը եղավ, իսկ մնացածը կիմանաք ծնվելուց հետո: Ինչ վերաբերում է անվան ընտրությանը, այն ժամանակ, երբ չգիտեի՝ կհղիանամ, թե ոչ, կային անուններ, որոնք ուզում էի, և այնպես ստացվեց, որ իմ ընտրած անունն ամուսնուս էլ է դուր եկել»:

Սիման և ամուսինը կահավորել են ապագա բալիկի սենյակը, իսկ առաջին գնումներն արել են Իտալիայում հանգստի ժամանակ. «Մենք Իտալիայում էինք այդ ժամանակ, երբ սկսեցինք գնումներ կատարել։ Ինչ տեսանք խանութներում, ինչ մեզ դուր եկավ, երկուսով սկսեցինք գնել՝ առանց հասկանալու՝ պետք է, թե ոչ»:

Մայրությունը չի վախեցնում հաղորդավարուհուն, փոխարենը վախենում է ծննդաբերությունից. «Որոշել եմ ինքնուրույն պահել բալիկիս, բայց մայրս միակ մարդն է, ում կարող եմ վստահել այս հարցում, և իհարկե, ամուսնուս»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել