168.am-ը գրում է.

Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից օրեր անց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը կրկին վերադարձավ հակամարտող երկրների և միջնորդների օրակարգ։ Զուգահեռաբար մի քանի ուշագրավ հայտարարություններ եղան, որոնք թույլ են տալիս ենթադրել, որ, եթե նույնիսկ բանակցությունների ոչ բոլոր մասնակիցների, ապա գոնե մի քանիսի միջև կա կոնսենսուս բանակցային գործընթացի ապագայի և կարգավորման փաթեթի վերաբերյալ։

Դեկտեմբերի 14-ին ռուսական մեդիա հանրության ներկայացուցիչների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն որոշել էր անկեղծանալ՝ պատմելով ղարաբաղյան հակամարտության լուծմանը վերաբերող, Ռուսաստանի և Բելառուսի մասնակցությամբ բարձրաձայնված առաջարկների մասին։ Ըստ էության հաստատելով կասկածները, որ ՌԴ-ն ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունից սեպարատ բանակցային օրակարգ է փորձել վարել և կողմերին առաջարկել «Լավրովյան պլան» անվանումը ստացած փաստաթուղթը՝ Լուկաշենկոն նշել էր, որ ԼՂ հակամարտությունը քննարկվել է դեռևս Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովներից մեկի ժամանակ, երբ Հայաստանի նախագահը Սերժ Սարգսյանն էր։

«Անկեղծ ասացի. լսիր, ինչպես նրանք են ասում, օկուպացվել է 7 շրջան։ Եվ ես ու Պուտինը միասնական դիրքորոշում ցուցաբերեցինք (դա Երևանում էր՝ ՀԱՊԿ-ում). Սերժ, տուր այդ 5 շրջանները։ Ի՞նչ պատճառ կա դրանք չվերադարձնելու, այդ շրջանները դատարկվում են։ Նա ասաց. եթե ես վերադարձնեմ, նրանք ճանապարհը կփակեն, կօկուպացնեն Ղարաբաղը և այլն։ Եվ մենք Պուտինի հետ հստակ խոստացանք, որ կմտցնենք մեր զինված ուժերը, և դա թույլ չենք տա (ադրբեջանցիների ներկայությամբ ենք դա ասել)։ Նա ասաց. մենք դրան չենք գնա, մենք դա չենք ուզում»,- նշել էր Բելառուսի նախագահը։

Լուկաշենկոն առաջին անգամ պատմել էր ևս մեկ չկայացած նախագծի մասին։ Նրա խոսքով, խոսքը վերաբերել է Ադրբեջանից Վրաստան ապրանքների խողովակաշարին, և Բելառուսի նախագահն այս հարցով խոսել է այդ երկու երկրների ղեկավարների հետ:

«Նրանք խողովակաշար էին կառուցում, իմ կարծիքով՝ գազի, որը շրջանցում էր Հայաստանը»,- ասել է նա: Լուկաշենկոն նշել էր, որ այն ժամանակ շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որպեսզի նա խոսի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որ խողովակաշարն անցնի Հայաստանի տարածքով, ինչը շահավետ կլինի երկու կողմերի համար: «Սակայն հայերը դրանից էլ հրաժարվեցին», – ասել էր Բելառուսի առաջնորդը։

Նույն օրերին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկնել էր Բաքու՝ մասնակցելու Սևծովյան համագործակցության կազմակերպության արտգործնախարարների նիստին, որի շրջանակում առանձնազրույցներ էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Լրագրողների հետ զրույցում Ս.Լավրովն ասել էր, որ ադրբեջանական կողմն անկեղծ մտադրություն ունի շարունակել բանակցությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ։

Նա լրագրողներին պատմել էր, որ երկար և հանգամանալից հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, և հավելել է, թե ադրբեջանական կողմը ցանկանում է վերականգնել ու շարունակել բանակցությունները Ղարաբաղի խնդրի շուրջ, և, որ Ադրբեջանը «կառուցողականորեն է տրամադրված»։

Ս. Լավրովը նաև հույս էր հայտնել, որ հայկական կողմը կառավարությունը ձևավորելուց հետո պատրաստ է լինելու շարունակել ակտիվ շփումները։ Մինչ այդ Իլհամ Ալիևն իր հերթին՝ հայտարարել էր, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար ստեղծվել է առավել բարենպաստ իրավիճակ, իսկ օրերս թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ «2019 թ. նոր թափ կհաղորդի խնդրի կարգավորմանը»:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր հերթին՝ ըստ էության, պատասխանել էր դրան՝ գրելով. «Մենք կշարունակենք խաղաղ գործընթացը՝ ի բարօրություն տարածաշրջանի խաղաղության և անվտանգության: Կարգավորումը պահանջում է բոլոր կողմերի ջանքերը»:

Հիշեցնենք նաև, որ մինչ ՀՀ-ում անցկացված ընտրությունները ՀՀ կատարած այցի ընթացքում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն էր խոսել այն մասին, որ ընտրություններից հետո էական քայլեր են ակնկալվում ՀՀ իշխանություններից ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Նրա որակմամբ՝ ՀՀ իշխանությունների լեգիտիմությունը կօգնի, որպեսզի նման քայլեր տեղի ունենան։

«168 Ժամի» հետ զրույցում գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը փորձեց մեկնաբանել, թե ինչու հանկարծ ակտիվացան խոսակցությունները կարգավորման մասին։

Ըստ նրա՝ ակնհայտ է, որ Դուշանբեի սահմանի կայունացմանն ուղղված պայմանավորվածությունը կայացավ և պահպանվեց այն համաձայնության դիմաց, որ ընտրություններից հետո իշխանությունները կարողանալու են էլ ավելի ինտենսիվ ու առարկայական աշխատել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ։

Նրա գնահատմամբ՝ կարևոր է այս փուլի համար, որ երկու կողմն էլ զսպվածություն է ցուցաբերում իր գնահատականներում, ինչը, չի բացառվում, որ այն պատճառով է, որ կողմերը դեռ ծանոթ չեն միմյանց իրական մտադրություններին կամ ակնկալիքներին։

Ըստ նրա՝ պատահական չէ, որ Ալեքսանդր Լուկաշենկոն հենց այս օրերին է բարձրաձայնում նախկին պայմանավորվածությունների մասին, դրանք առաջին հայացքից են միայն նախկին։ Սա, նրա որակմամբ, նշանակում է, որ այս առաջարկները դեռ սպառված չեն, և փորձեր կարվեն հենց դրանք դնել բանակցային սեղանին։

«Բելառուսի նախագահի այս հայտարարությունների պատճառներից մեկն էլ ռուս-բելառուսական տարաձայնություններն են գազի գնի շուրջ, տարաձայնությունը ՀՀ իշխանությունների հետ ՀԱՊԿ-ում։ Բելառուսի նախագահը պայքարում է հնարավոր բոլոր եղանակներով, այդ թվում՝ հասկացնելով, որ եղել է կարգավորման ծրագիր, և, եթե այն անցյալում է, այդ մասին չէր խոսի։ Ամենահարմար պահին այս ծրագիրը կրկին կհայտնվի բանակցային սեղանին, և ըստ էության Ադրբեջանը դեմ չէ այդ ծրագրին։

Կարծում եմ՝ այս փուլում գուցե սրվի մրցակցությունը բանակցային առաջնորդության համար Արևմուտքի և Ռուսաստանի միջև։

Ընտրություններից հետո Ռուսաստանը գործընթացը փորձում է իր ձեռքը վերցնել, Ադրբեջանը համերաշխ է ՌԴ-ի հետ, իսկ հայկական կողմը հասկացնում է, որ հակամարտության կարգավորման համար զիջումներ են հարկավոր բոլոր կողմերից։ Իմ կարծիքով՝ կարգավորում տարածաշրջանին հարկավոր է, բայց ոչ՝ կողմերից մեկի շահերի և անվտանգության հաշվին, հենց այդ պատճառով է հարկավոր գործընթացը պահել միջազգային համանախագահության շրջանակում, քանի որ այս ծրագրով ՌԴ-ն փորձում է ազդեցությունը պահել այս տարածաշրջանում։

Այս իրավիճակում ՀՀ իշխանություններից է պահանջվում զգոնություն և սեփական շահերի բարձր գիտակցում։ Ընտրությունները ցույց տվեցին, որ կա հանրային աջակցություն, ինչը հավելյալ գործոն է՝ ի նպաստ իշխանությունների»,- ասաց վերլուծաբանը՝ հավելելով, թե սպասելի էին այս փուլում նման խոսակցությունների ակտիվացումներ։

Ուստի, նրա խոսքով, ի հայտ են գալիս նոր մարտահրավերներ, որոնց պետք է դիմագրավել։

Մեզ հետ զրույցում փորձագետ Սյուզան Ստյուարտն ասաց, որ այդ գաղտնազերծումներն ամենևին էլ աննպատակ չեն, նման ծրագրեր եղել են ու կան բանակցային սեղանին և, ամենայն հավանականությամբ, առաջիկայում կառաջարկվեն կողմերին։

Ըստ նրա՝ ամենևին էլ զարմանալի չէ, որ կան կարգավորման առանձին փաթեթներ, որի մասին շատ հաճախակի է խոսել ադրբեջանական կողմը՝ ցանկանալով բանակցությունները տեղափոխել ՌԴ-ի վերահսկողության տակ՝ դժգոհ լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբից։

Ստյուարտի ենթադրություններով՝ դժվար չէ կանխատեսել, թե ինչու է Ադրբեջանը ցանկանում այս ծրագիրը, և ոչ թե՝ գործընթացը ՄԽ հովանու ներքո։

«ՄԽ գործընթացով, ամենայն հավանականությամբ, ավելի հավասարակշռված լուծումներ են ներառված, քան կարգավորման առանձին փաթեթում։ Ամենաուշագրավն այս ամենում այն է, թե ինչպես է այս ակնկալիքներին պատասխանելու ՀՀ նոր իշխանությունը, ինչպիսի մարտավարություն է որդեգրելու բանակցային նման գործընթացում, և այս պայմաններում ինչպես է իրականացնելու իր նախնական ծրագրերը՝ Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին և Արցախի անկախությունը, որոնք երկուսն էլ խիստ խնդրահարույց և անընդունելի են ադրբեջանական կողմի համար։ Կարևոր կլինի հետևել նաև ԱՄՆ-ի ներգրավվածությանը՝ որպես միջնորդ, բայց այս պահին ճնշումը մեծ է ոչ թե Մինսկի խմբի, այլ Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից»,- ասաց վերլուծաբանը։

Նրա խոսքով՝ ներկայումս շատ հարցեր կան, որոնք պտտվում են Հայաստանի շուրջ, քանի որ Հայաստանում է իրավիճակ փոխվել, և իրավիճակի ապագան բխելու է ՀՀ իշխանությունների որոշումներից ու քայլերից, քանի որ մյուս կողմերում փոքրիշատե կանխատեսելի դիրքորոշումներ են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել