Երբ Փարիզում բարիկադներ են կառուցում, և քաղաքացիները կրկին բախվում են պետական կարգին, ուրեմն՝ Ֆրանսիան կրկին մի մեծ արժեք է պատրաստվում երկնել մարդկության համար և կամ վերահաստատել կասկածի տակ դրված «Ազատություն, հավասարություն, եղբայրություն»-ը, որովհետև փողոց դուրս եկած քաղաքացիների թվում նաև փիլիսոփաներ են, ովքեր պետք է ձևակերպեն այդ արժեքը և փոխանցեն այն քաղաքակրթությանը: Կռահում եմ, որ ազատության և հավասարության հետ խիստ պայմանական կապ ունեցող շուկայական տնտեսության հիմքում ընկած մրցակցությանը շուտով ստվերելու է, եթե ոչ փոխարինելու, եղբայրությունից անմիջականորեն և ուղղակիորեն բխող համագործակցությունը և փոխօգնությունը՝ որպես նոր դարաշրջանի բանական տնտեսության հիմք: Իշխանության ուղղաձիգը զիջելու է իր տեղն ուղիղ ժողովրդավարությանը և հորիզոնական ցանցային կառավարմանը՝ ամբողջականացնելու համար հավասարության սկզբունքը, և վերարժևորվելու է աշխատանքի էությունը՝ ազատելով մարդ արարածի ժամանակը՝ ստեղծագործելու և ներդաշնակ ու ազատ կյանքով ապրելու համար: Այ սրան է, իմ կարծիքով, ի վերջո բերելու ձախ շարժումը, երբ ազատվի նյութական բարիքների պարզ վերաբաշխման սոցիալիստական մտայնությունից և փոխի իր վերաբերմունքը այդ նյութական բարիքների և դրանց անհագուրդ սպառման հանդեպ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: