ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունում Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ չի իրականացրել:

Այս մասին ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մամուլի քարտուղար Աստղիկ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով «Ժամանակ»-ի հրապարակմանը, թե ՊՎԾ-ն Սպորտի նախարարությունում հայտնաբերել է բազմամիլիոնանոց չարաշահումներ:

Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Որպես ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մամուլի քարտուղար պաշտոնապես հայտարարում եմ, որ «Ժամանակ» օրաթերթի «բազմամիլիոնանոց թալան սպորտի նախարարությունում» վերնագրով հոդվածում բերված որևէ փաստ չի համապատասխանում իրականությանը։

ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունում պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ չի իրականացրել, և, բնականաբար, թերթի գրած տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում։

«ժամանակի» իմ գործընկերները ճիշտ կանեն պահպանեն լրագրողական պրոֆեսիոնալիզմը՝ ճշտելով ունեցած տեղեկատվությունը, ինչը շատ հեշտ կարելի էր անել հարցում ուղարկելով նախարարությանը»։

Թերթի այսօրվա համարում լույս տեսած հոդվածում մասնավորապես ասվում էր.

«Պետական վերահսկողական ծառայությունը ստուգում­ներ է իրականացրել Սպորտի և երիտասարդության հարցե­րի նախարարությունում, հայտնաբերել բազմամիլիոնանց չարաշահումներ: Այս բացահայտումներին առայժմ հանրային հնչողություն չի տրվում:

Իշխանությունները սպասում են նոր կառավարու­թյան ձևավորմանը, երբ այս նախարարությունը կլուծարվի և կմիանա Մշակույթի նախա­րարությանը, և նախարար Գաբրիել Ղազարյանը կդառ­նա շարքային քաղաքացի: Այդ դեպքում քրեական գործի հա­րուցումը չի ազդի կառավա­րության հեղինակության վրա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել