Հանրային խորհրդի Կրոնի ենթահանձնաժողովի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից մշակված «Խտրականության դեմ» օրինագծի վերաբերյալ.
 
Սույն հայտարարությամբ Կրոնի ենթահանձնաժողովի անդամներն իրենց խորը մտահոգությունն են հայտնում ՄԻՊ-ի աշխատակազմի կողմից մշակված «Խտրականության դեմ» օրինագծի առնչությամբ: Ցավոք, այսօր արդեն անհերքելի իրականություն է, որ նշված օրինագծով հիմք է դրվում Հայաստանի Հանրապետությունում անբարոյության և այլասերվածության օրինականացմանը: Օրենքի ուժ ստանալու դեպքում հիշյալ օրնագիծը անթաքույց կերպով օրինականացնելու է մեր հայրենիքում սեռական փոքրամասնությունների արմատացումն ու նրանց կենսակերպի քարոզչության տարածումը: 
Փաստում ենք և ահազանգում, որ վտանգված են ոչ միայն ընտանիքի ինստիտուտը և քրիստոնեական արժեհամակարգի մյուս բաղկացուցիչները, այլև հենց յուրաքանչյուրիս ընտանիքում մեծացող երեխաների ու մեր հայրենիքի ապագան: Այս պարագայում մեզ համար առնվազն անհասկանալի է ՀՀ պետական, քաղաքական գործիչների, ինչպես նաև խորհրդարանական ուժերի կրավորական կեցվածքը այլասերվածության օրինականացմանն ուղղված այս գործընթացների հանդեպ: Վրդովեցուցիչ է նաև, որ ՀՀ պաշտոնական ներկայացուցիչները, իրենց ստորագրությունը դնելով մի շարք համապատասխան միջազգային պարտավորությունների ներքո, ըստ էության միասեռականության տարածման ծուղակի մեջ են գցել Հայաստանի հասարակությանը:
Որպես ՀՀ նախագահի աշխատակազմին կից գործող խորհրդատվական մարմնի բաղկացուցիչ՝ Կրոնի ենթահանձնաժողովը ահազանգում է, որ տնտեսական խնդիրների, արտագաղթի, քաղաքական և կառավարման ճգնաժամերի անբարենպաստ պայմաններում մեր երկրի առջև ծառացել է մի նոր վտանգ՝ վերջնական բարոյազրկումը, որն անխուսափելի է միասեռականության օրինականացման դեպքում: Նման հարվածը կարող է բախտորոշ լինել մեր հայրենիքի համար: Այդ իսկ պատճառով կոչ ենք անում մեզ պարտադրվող անբարոյության և այլասերության քարոզչության դեմ ազգային համախմբման և անզիջում պայքարի հանուն մեր երեխաների, մեր գալիք սերունդների և մեր հայրենիքի ապագայի: 
 
ՀՀ Հանրային խորհրդի Կրոնի ենթահանձնաժողով

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել