ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը կոչ է անում Գյումրիում տեղի ունեցած միջադեպը՝ ծեծի հետևանքով 57-ամյա կնոջ մահը, որի համար ռուսական ռազմաբազայի զինծառայող է ձերբակալվել, չքաղաքականացնել և հապճեպ եզրակացություններ չանել:  

«Ուշադրություն ենք դարձրել Գյումրիում տեղի ունեցած ողբերգական միջադեպի վերաբերյալ հուզիչ մեկնաբանությունների չդադարող հոսքին: Կրկին կոչ ենք անում՝ չքաղաքականացնել այս թեման, չանել հապճեպ եզրակացություններ և չխանգարել հայկական քննչական մարմիններին՝ կատարել իրենց գործը: Ցանկանում ենք նաև ցավակցություն հայտնել տուժածի հարազատներին և մտերիմներին»,- ասվում է ՌԴ դեսպանատան հաղորդագրության մեջ: 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին դաժան ծեծի հետևանքով Գյումրիում մահացել է 1961 թվականին ծնված Ջուլիետա Ղազարյանը:

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը):

Ջուլիետա Ղազարյանին անզգուշությամբ մահ պատճառելու կասկածանքով ձերբակալվել է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել