«Մինչ կառավարությունը սպասում է, որ ներդրումները շուտով կողողեն մեր տնտեսությունը, ուժեղանում է ֆինանսական միջոցների արտահոսքը։ Այս տարվա տասն ամիսներին միայն բանկային համակարգի միջոցով երկրից դուրս է եկել շուրջ 1 մլրդ դոլար։ Խոսքը մասնավոր ֆինանսական փոխանցումների մասին է։
Պաշտոնական տվյալներ չկան, թե որքա՞ն գումար է դուրս եկել երկրից կանխիկի տեսքով։ Այնուհանդերձ, փորձագիտական գնահատականներով, դրանք գրեթե համարժեք են բանկային փոխանցումներին։
Թե ո՞ւր են գնացել հիշյալ գումարները և ի՞նչ նպատակով, հայտնի չէ։ Գոյություն չունի նման վիճակագրություն։ Հայտնի է միայն, որ քաղաքացիների կատարած մասնավոր փոխանցումների աշխարհագրությունը լայն է։
Պաշտոնական տվյալներով՝ ֆինանսական միջոցների արտահոսքը Հայաստանից ավելացել է շուրջ 172 մլն դոլարով։ Ֆիզիկական անձանց բանկային փոխանցումներն արտերկիր տարեսկզբի տասն ամիսներին ավելի քան 951 մլն դոլար են։ Նախորդ տարվա համեմատ արտահոսքն ավելացել է 22 տոկոսով։
Սա նշանակում է, որ տեղի է ունենում փողի փախուստ։ Այն դեպքում, երբ կառավարությունն աչքը ջուր կտրած սպասում է օտարերկրյա կապիտալի հոսքերին, որոնք այդպես էլ չեն ստացվում։
Ֆինանսական միջոցների արտահոսքի ակտիվացման հարցում թե ինչպիսի ազդեցություն են ունեցել Հայաստանում տեղի ունեցած վերջին քաղաքական իրադարձությունները, կոնկրետ փաստեր չկան։ Այդ երևույթը դիտարկվել է ինչպես իշխանափոխությունից առաջ, այնպես էլ դրան հաջորդող գրեթե բոլոր ամիսներին։ Միակ բացառությունը եղել է հունիսին, երբ նախորդ տարվա համեմատ արտահոսքը նվազել է։ Այդ ամսին Հայաստանից դուրս է բերվել 76 մլն դոլար։
Մինչդեռ ինչպես դրան նախորդող, այնպես էլ հաջորդող ամիսներին գումարների ակտիվ արտահոսք է եղել։ Ավելին՝ հունիսից սկսած ելքերն ընդհուպ մոտեցել են ամսական 100 մլն դոլարի սահմանագծին, իսկ արդեն հոկտեմբերին նույնիսկ գերազանցել են այդ ցուցանիշը։
Հոկտեմբերին արձանագրվել է բանկային համակարգի միջոցով Հայաստանից դուրս կատարված փոխանցումների ռեկորդային բարձր մակարդակ։ Ֆինանսական միջոցների արտահոսքը հասել է 121 մլն դոլարի։ Գումարի գրեթե կեսը՝ ավելի քան 59 միլիոնը, մտել է ռուսական շուկա։
Այս ընթացքում թեև արձանագրվել է նաև արտաքին հատվածից մտնող գումարների ավելացում, այնուհանդերձ աճի տեմպը անհամեմատ ավելի համեստ է։ Բանկային համակարգի միջոցով դրսից ստացված գումարները տասը ամսում ավելացել են ընդամենը 4,1 տոկոսով (կամ 58,5 մլն դոլարով)։
Ներքին շուկայից ֆիզիկական անձանց փոխանցած գումարների գրեթե 57 տոկոսը բաժին է ընկել երկու երկրների։ Ընդհանուր առմամբ այն կազմել է 538 մլն դոլար. Ռուսաստան է փոխանցվել շուրջ 386 միլիոն, Միացյալ Նահանգներ՝ 152 մլն դոլար»,-գրում է թերթը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել