Այսօր աշխատանքից ազատվելու դիմում գրեցի:
Հակառակ ընկերներիցս շատերի վստահեցման, թե խնդիրը չափազանցնում եմ, ինքս չկարողացա հաղթահարել ներքին էթիկական նյուանսները:
Միշտ համոզված եմ եղել, որ քաղաքական ուժի հարող մարդն արդեն իսկ սուբյեկտիվ է որպես լրագրող՝ անկախ իր մարդկային հատկանիշներից, ու որ Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայությունը նման տնօրեն ունենալու շռայլություն իրեն չի կարող թույլ տալ Նոր Հայաստանում: Ու եթե խորհրդարան չանցնեի էլ (դեռ փաստացի չեմ էլ անցել), էդ դիմումը գրելու էի, այսպես թե այնպես: Հիմա էլ նույն էթիկական դրդապատճառով որոշեցի վաղաժամ դադարեցնել պարտականություններս:
Հանրային հեռուստաընկերությունում նույնիսկ այսքան կարճ ժամանակ աշխատելս լավ մարտահրավեր էր, որն ինձ շատ բան սովորեցրեց, շատ բան փոխեց իմ մեջ: Առնվազն թե որքան մակերեսային ենք մենք շատերս պատկերացնում որոշ բաներ, թե որքան տարբեր են երբեմն լինում դրսից ու ներսից երևացող իրականությունները, որքան հետաքրքիր, բայց, միևնույն ժամանակ, ծանր է հեռուստատեսային մենեջերի աշխատանքը՝ ամենօրյա աննկարագրելի դժվարությունների առատությամբ:
Սրտանց շնորհակալությունս եմ ուզում հայտնել «Լուրերի» իմ գործընկերներին, Հանրային հեռուստաընկերության ամբողջ անձնակազմին, այդ թվում՝ տնօրենների խորհրդին՝ գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի գլխավորությամբ, համատեղ ծանր ճանապարհ անցնելու համար:
Ու մի բան էլ:) Այս լուրն իմ անձնակազմից շատերի համար անակնկալ է լինելու, ուստի ներողություն եմ խնդրում, որ այսպես եմ ձեզ տեղեկացնում սույնի մասին, որովհետև առիթ եք տվել համոզվելու, որ դուք երբեմն ինձնից համառ եք գտնվում ու կարողանում եք ինձ համոզել հակառակը:) Այսպիսով փորձում եմ խուսափել ձեր՝ այդքան ինձ սիրելի դարձած ազդեցությունից:)
Քայլ հաջորդ: