Կհրապարակեմ նամակ, որի հեղինակին, հասկանալի պատճառներով, չեմ կարող նշել, բայց կոչ եմ անում լրատվամիջոցներին առավել ուշադրություն դարձնել խնդրին:

«Մարզպետը հրահանգել ա, որ բոլոր ակտիվիստներին բռնեն։ Վախեցնում են, սեղմում են, ինչպես նախկին իշխանության ժամանակ էր։ Ամբողջը մարզպետն ա անում»․ այս նախաբանով գրված նամակում նշվում է.
«Օգոստոսի 31-ին մեր նախկին գյուղապետը հրաժարական տվեց, իսկ հոկտեմբերի 21-ին պետք է ընտրություններ լինեին: Մարզպետը մի քանի անգամ խաբեց հավաքված ժողովրդին, վերջում էլ ստորագրահավաք պահանջեց, մեր կողմը ապահովեց ձայների մեծ մասը՝ կեսից ավելին (ողջ ստորագրությունները հիմա որպես ապացույց կան), բայց մարզպետը չնայեց անգամ, ընթացք չտվեց (հերթական սուտն էր): Մոտ մեկ շաբաթ առաջ ավտովթար տեղի ունեցավ։ Իրենք նշում են, թե դիտմամբ էր, բայց հավաստիացնում եմ, որ դիտմամբ չէր ու առավել ևս՝ քաղաքականության հետ կապ չունեցող, ինչպես իրենք են վերագրում (քաղաքականության համար մարդ իր մեքենան կվնասի՞, էլ տեղ չկա՞ գումար ծախսելու):

Այդ դեպքից 2-3 օր անց ներկայիս գյուղապետը, իր շրջապատի սիրելի անդամների հետ հավաքվում, խմում է, ոչ ադեկվատ վիճակում կռիվ են հրահրում ու դանակահարում են 4 հոգու (փառք Աստծո, մահացու չէ, բայց վիճակները կայուն էլ չէ): Իսկ մարզպետը հայտարարեց, որ աշխատանքից ազատել է Վ. Պապյանին, և 3 օրվա ընթացքում գրավոր կերպով կհաստատվի: Բայց այսօր, արի ու տես, աշխատանքից չի ազատել ու չի էլ պատրաստվում:

Ժողովրդին մերժում է, չի գալիս հանդիպման, իսկ վախկոտ գյուղապետը տանից դուրս չի գալիս: Մենք այսօր նորից հավաքվել ենք ու փակել ենք գյուղապետարանը, աշխատանքը դադարեցրել ենք: Հիմա էլ իմացանք, որ այդ դանակահարողին են ազատ արձակել։ Ստացվում է Փաշինյանի իշխանությունը թև ու թիկունք է հանցագործներին, հարբեցողներին, բանսարկուներին ու սուտասաններին:

Ինչպես երևում է, լրատվամիջոցներն էլ են իրենց օգտին աշխատում: Երեկվա ուղիղ եթերը մոնտաժ են արել, իրենց ուզած հատվածներն են միայն եթեր հեռարձակել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել