Չեն լինում բացարձակ լավ կամ բացարձակ վատ ազգեր, ու թուրքերն այս առումով բացառություն չեն, իսկ ասածիս ապացույցն էլ թող լինեն այն բազմաթիվ վկայությունները, թե ինչպես են բազմաթիվ թուրքեր հաճախ իրենց կյանքերը վտանգելով փրկել բազմաթիվ հայերի՝ Ցեղասպանության ժամանակ:
Թուրքերին գովերգելը բնավ իմ ցանկությունը չէ, պարզապես երեկվա տեսանյութերից ու ֆոտոներից հետո նկատում եմ, որ համացանցը բաժանվել է երկու մարտնչող խմբավորումների, որոնցից առաջինը ասում է, որ լավ է, թող ավելի շատ ծեծեն, իսկ ոմանք էլ ընդհանրապես հայտարարում են, որ հաճույքով են դիտում արյունալի տեսանյութերը, իսկ մյուս ճամբարը պնդում է, որ մարդասիրությունն ամենակարևորն է ու չի կարելի ուրախանալ, հրճվել, ասել, որ լավ է:
Հարգելիներս, պետք է հասկանալ երկու սկզբունքային բան.
1. Եթե մարդը հաճույքով է նայում ուրիշ մարդու տանջանքներին, կրկնում եմ, հաճույքով, դա խոսում է այդ մարդու մոտ սադիստական հակումների մասին:
2. Ինչպես նշեցի, բացարձակ լավ կամ վատ ազգեր չկան, բայց կան թշնամական պետություններ ու այդ պետություններում բնակվող ժողովուրդներ, ըստ այդմ, պետք չէ չափից ավել տարվել մարդասիրությունով, որովհետև նույն այն երիտասարդները, ում ծեծում են ոստիկանները՝ Թուրքիայից եկող տեսանյութերում, վաղը հանգիստ կարող են լինել այն զինվորները՝ թուրքական կիսալուսնի ներքո կռվող, ովքեր փորձելու են սպանել արդեն մեր երիտասարդներին, տրորեն մեր դաշտերը, փորձեն բնաջնջել մեր ժողովրդին:
Ուստի, պետք չէ խրախուսել սադիզմը, բայց պետք էլ չի դարդ անել թշնամի պետության մեջ կատարվող անարդարությունների համար, առավել ևս, եթե այդ անարդարությունները թուլացնում են քո թշնամու հիմքերը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=135067626687885&id=100005539451765¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել