Գյումրիում 57-ամյա կնոջը ծեծելով սպանելու գործով ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող է ձերբակալվել։ Կինը դաժանաբար ծեծի էր ենթարկվել դեկտեմբերի 2-ին, «Սլաբոդկա» կոչվող թաղամասում, և սա նախնական վարկածն էր, որ վաղ առավոտյան կնոջը ծեծի ենթարկողը եղել է Գյումրիում տեղակայված 102 ռազմաբազայի զինծառայող եւ որ դա ապացուցող փաստեր էլ կան: Խոսքը տարածքում առկա տեսախցիկների մասին է, որոնք ֆիքսել էին միջադեպը:
Սակայն Հայաստանում ՌԴ դեսպանությունը դեպքի հաջորդ օրը՝ դեկտեմբերի 3-ին, շտապեց հերքել այս լուրը՝ նշելով, որ իրականությանը չի համապատասխանում այն տեղեկությունը, ըստ որի՝ Գյումրու 57-ամյա բնակչուհու սպանությունը կատարել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայողը:
Այս ռազմաբազան լուրջ մարտահրավեր է Գյումրու բնակիչների անվտանգության համար։
Հիշեցնում եմ, որ դեռևս 2015 թվականի հունվարի 12-ին՝ դարձյալ առավոտյան, կատարվել էր Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը՝ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից։
Եվ այսպիսի հանցագործությունները շատ են։
1999 թվականի ապրիլի 14-ին՝ սպանություններ Գյումրու կենտրոնական շուկայում։ Սահմանապահ ջոկատի զինծառայողներն ինքնաձիգներով անկանոն կրակահերթ էին բացել անցորդների ուղղությամբ։ Կատարվածի արդյունքում զոհվել էր 2 և տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ ստացել՝ 14 մարդ։
2013 թվականի ապրիլի 7-ին՝ Վահրամաբերդ գյուղի մոտակայքում՝ 102-րդ ռազմակայանի տանկային հրաձգարանի տարածքում ականի պայթյունից զոհվել է երկու անչափահաս։
2018 թվականի հուլիսի 17-ին 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումներն առանց զգուշացման և առանց թույլտվության տանկերով և զինվորական այլ տեխնիկայով մտել են Շիրակի մարզի Փանիկ գյուղ և զորավարժություններ իրականացրել, որի ընթացքում հնչել են ինքնաձիգի կրակահերթեր և պայթյուններ:
«Անվտանգության երաշխավորների» կողմից կատարվող հանցագործությունները շարունակվում են։