10 նկատառում

1․ Երեկ ընտրություններում հաղթել է ողջ հայ ժողովուրդը։

2․ Մինչև ապրիլյան ազգային ազատագրական շարժումը, որին ընդունված է հեղափոխություն անվանել, ամեն բանի համար չարաբաստիկ ու արգահատելի ՀՀԿ-ն էր պատասխանատու, դրանից հետո՝ մասամբ, իսկ երեկվանից կամ ՀՀ նորընտիր ԱԺ-ի առաջին նիստից հետո ՀՀԿ-ն այլևս ոչ մի բանի համար պատասխանատու չէ։

3․ Այլևս անազնիվ է լինելու քննադատել ՀՀԿ-ին անցյալի համար և աչք փակել գործող իշխանության հնարավոր սխալներին վրա։ Իսկ որ սխալներ կլինեն, դա աներկբա է։ Չաշխատողն է սխալվում։

4․ Մինչև երեկ կար գործող իշխանություններին չքննադատելու մեկ հիմնական պատճառ։ Երեկվանից հետո այն այլևս չկա։ Վերջ։ Պրծավ։ Ավելի քան վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը կհարգի ոչ թե քծնող, այլ պահանջատեր և օբյեկտիվորեն քննադատող ու պահանջող քաղաքացուն, մտահոգ և բարգավաճ երկիր ցանկացող քաղաքացուն, և այս բառերը որևէ մեկի մենաշնորհը չեն։ Քաղաքացու քծնանքը, վախը, թուլամորթությունն ամենալավ իշխանությանը «վարդագույն ակնոցներ» կհագցնեն՝ դարձնելով պասիվ և ծույլ։ Նիկոլի արև երդվողները պետք է ապացուցեն իրենց սերը և/կամ հարգանքը աշխատանքով, այլ ոչ թե օնլայն, օֆլայն և այլուր գովքը անելով։ Ես իմ ամբողջ կյանքում երիտհանրապետական ուսխորհրդական կարիերիստներից զզվել եմ ու դա արտահայտել եմ օնլայն, օֆլայն և այլուր, և առաջին ծիլերն եմ տեսնում ՔՊ որոշ երիտասարդների պարագայում և հայտնի ու հասկանալի պատճառներով նախքան ընտրությունները ձայն չեմ հանել։ Աստված չանի, որ նրանք էլ երիտասարդ ՀՀԿ-ականներին նմանվեն։ 

5․ Չորրորդ կետը չի նշանակում, որ պետք է համացանցում և առօրյա կյանքում մարդ դուրս թափի իր մեջի մաղձը՝ իշխանություններին քննադատելով, չի նշանակում, որ մարդ պետք է պատգամավոր դարձած իր ֆեյսբուքյան ընկերներին «սրտանց շնորհավորի» մեսիջներով ու սմայլիկներով, իսկ մտքում ասի՝ «բա ես չլինեի սրա փոխարեն, ախր էս ում շուննա, հլը իմ CV-ն ու իր CV-ն», չի նշանակում, որ ում իր «երազանքների պաշտոնը» չտան, պետք է Ֆեյսբուքը դարձնի զենք ու սկսի քննադատել։ Կարիերիզմը, ձգտումը լավ են, սակայն այդ ձգտումները պետք է լինեն հիմնավորված։ Գյուղատնտեսի դեպքում՝ զարգացած ֆերմաներով, գիտամանկավարժի դեպքում՝ ուսումնական ձեռնարկների, հոդվածների ու գրքերի որակով, կոնֆերանսների մասնակցությամբ և այլն։ 

6․ Փողոց փակելը որևէ պարագայում չպետք է որևէ ազդեցություն ունենա պաշտոն կամ աշխատանք ստանալիս։ Պետք է օգտագործվի բանիմաց և կարող ՀՀԿ-ականների ներուժը, նամանավանդ, եթե այդ անձինք չեն պատրաստվում հրաժարվել իրենց կրծքանշաններից։ 

7․ Երեկ, «սազը ձեռքին», ՀՀԿ-ին ու Սերժին գովերգող, իսկ այսօր Նիկոլի համար «ձոներ գրող» բիոզանգվածները պետք է մերժվեն։ Մի կերպ կարելի է թույլ տալ այդ բիոզանգվածի թեկուզ շատ լավ մասնագիտական որակները չօգտագործելու «շքեղությունը»։ 

8․ Իշխանավորի կողմից «բա ուր էիր Սերժի ժամանակ», «բա Սերժի ժամանակ ինչո՞ւ ձայն չէիր հանում» ու նմանատիպ հռետորիկան պետք է խստագույնս և հրապարակավ քննադատվի։ Լավ, ասենք՝ ես եմ, վախկոտ էի, այս երկրի ամենավախկոտ մարդն եմ, հիմա դուք հո Սերժի ռեժիմը չե՞ք։ Ավելի բաց, թափանցիկ, ժողովրդավարական և լիբերալ եք, այդպես չէ՞։ Այսինքն՝ նույնիսկ եթե ես Սերժից կամ իր շներից վախեցել եմ ու ձայն չեմ հանել հրապարակավ, դա դեռ հիմք չէ ինձ լռեցնելու կամ իմ արդարացի պահանջներին անհաղորդ լինելու։ Հա՛, հասկացանք, դուք ավելի «դուխով» եք, մենք էլ մանրից «դուխավորվում» ենք, Ձեզնից «վարակվում» ու հիմա էլ չենք վախենում ու խոսելու ենք։

9․ Իշխանավորը պետք է հասկանա ու «ականջին օղ անի», որ ինքը ոչ թե «իշխան» է, այլ «ծառա», որ այդ աթռին նստած է ոչ թե մեզ իշխելու, այլ ծառայելու համար, և մեզ բնավ հետաքրքիր չեն իր բրյուսելյան կամ ստրասբուրգյան «կայֆերն ու կայծերը», և որ նա մեզնից՝ «հասարակ մահկանացուներիցս», ոչնչով առավել չէ։ Այս կապակցությամբ Լեզվի կոմիտե / Language Committee-ին հրապարակավ առաջարկ եմ անում և ակնկալելու եմ պատասխան։ Առաջարկում եմ «ծառայություն» գոյականին տալ հարակից իմաստ և օգտագործել որպես authority բառի հայերեն համարժեք։ Միաժամանակ, խնդրում եմ աստիճանաբար հրաժարվել կառավարության, խորհրդարանի կամ դատական ատյանների մասին խոսելիս «իշխանություն» եզրույթը կիրառելուց։ Սա, տողերիս հեղինակի համեստ կարծիքով, ծայրաստիճան կարևոր է, քանի որ ամեն բան սկսվում է լեզվամտածողությունից։ Նախարարը, պատգամավորը, վարչապետը, վարչության պետը և այլք պետք է գիտակցեն, որ իրենց գործը քաղաքացուն ծառայելն է, իսկ ծառայողական ավտոմեքենաները, դեպի Ստրասբուրգ և Բրյուսել գործողումներն ընդամենը միջոց են այդ ծառայությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար և վերջ։ 

10․ Շնորհավորում եմ պատգամավոր ընտրված իմ բոլոր ընկերներին և խոստանում լինել պահանջատեր։ Միաժամանակ նշեմ, որ անձնական հարցերով և խնդրանքներով չեմ դիմելու, բայց, օրինակ, Ալավերդու գոյություն չունեցող շուկայի հարցով «զզվացնելու» եմ, որ հարց ուղղեք կառավարությանը։ Նույն բանը անելու եմ գործադիրի ծառայողների նկատմամբ։ Իսկ եթե ֆեյսբուքյան ընկեր չենք կամ առօրյա կյանքում չենք ճանաչում միմյանց, հոգ չէ, ավելի եմ «զզվացնելու»։ 

Առայժմ այսքանը։ Մնացածը՝ հաջորդ դասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել