Yerevan.today-ը գրում է.
ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբը դեկտեմբերի 8-ի ժամը 18.00-ի տվյալներով ուսումնասիրել է 2018թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական շրջանում կատարված ենթադրյալ ընտրական բնույթի հանցավոր արարքների վերաբերյալ իրավապահ մարմինների ստացած 76 ահազանգ, որոնք ստուգվել կամ ստուգվում են հետաքննության և նախաքննության մարմինների կողմից:
Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
Դեպքերից 48-ը զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներից են, որոնք առանձնացվել և հաշվառվել են նաև ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբի շրջանակներում իրականացվող ԶԼՄ-ների մոնիթորինգի արդյունքում: 27-ը եղել են քաղաքացիների կողմից ոստիկանություն կամ դատախազություն ներկայացված դիմումներ և հաղորդումներ, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ներկայացված զեկուցագրեր, ևս 1 հաղորդում ստացվել է ԿԸՀ-ից:
Նշվածներից վերացական և ընդհանուր բնույթի տեղեկություններ պարունակող 57 դեպքով իրականացվել կամ իրականացվում են ստուգողական գործողություններ, որոնց արդյունքում մի մասով արդեն իսկ հերքվել են ներկայացված ենթադրյալ իրավախախտման փաստերը և թողնվել են անհետևանք:
Իսկ 19 դեպքով քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու նպատակով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստվում են նյութեր:
Դրանցից՝
4-ը վերաբերում է թեկնածուի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն,
1-ը՝ քարոզչություն կատարելուն հարկադրելուն,
2-ը՝ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելուն,
5-ը՝ ընտրակաշառք տալուն,
1-ը՝ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն,
1-ը՝ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելուն,
2-ը՝ բարեգործության անվան տակ ընտրողներին անհատույց դրամ տալուն, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտմանը,
3-ը՝ այլ դեպքերի:
Մեկ դեպքի վերաբերյալ ստացված ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերով երկու կամ ավելի անձանց ընտրակաշառք առաջարկելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա առերևույթ ընտրակաշառք առաջարկելու կասկածանքով 1 անձ ձերբակալվել է: