«...Լիցկունիների տոհմի հիմնադիր Սուրեն Խաչատրյանը հայտնի էր Սյունյաց աշխարհում իր հյուրասիրությամբ ու լավ քեֆ անելու տաղանդով: Գինին իր տանը չէր վերջանում երբեք, հյուրերի հասցեին ամենահաճախ խոսքն էր՝ Լից, էլի կա: Այդպես Լիցկա կոչվեց հյուրասեր Սյունյաց հազարապետը, իսկ նրա սերունդները՝ Լիցկունի...
Բայց որոգայթ պատրաստվեց մեծն Սուրենի դեմ հարևան մարզերի նախարարների կողմից, որոնց հանգիստ չէր տալիս նրա փառքը և հարստությունը: Հրահրեցին նրա դեմ ժողովրդին և մանր նախարարներին՝ խոստանալով Սուրենի գահը: Սուրենի ականջին հասավ իր դեմ հյուսվող դավերի մասին լուրը և խնջույքի ժամանակ, որն հայոց մեջ ավանդաբար մատուցվում էր ամռան առաջին օրը, մռայլվեց մեծն Սուրենը գինու ազդեցության տակ և դեմը դրեց իր ենթակա նախարարների այն բոլորը, ինչ նրան հայտնել էին: Եվ տեղի ունեցավ արյունահեղություն, որը և դարձավ Մեծն Սուրենի վերջի սկիզբը...
Բայց գահանիստ ոստանում արքայից արքա Սերգիոսը հրովարտակ հրապարակեց, որով իր բարձր հովանու տակ առավ Լիցկունյաց տոհմի գահերեցին, զի հոյժ մեծ էին գահին ու արքային մատուցած նրա ծառայությունները: Եւ սովիվ ոչ եւս եղան նրա նկատմամբ ամենայն զրպարտութիունք եւ մեղադրանք:
Բայց մի հավատա այլ պատմիչներին, որոնք այլ կերպ են պատմում տեղի ունեցածը՝ ասելով, որ Սուրենը դաժան էր և ընչաքաղց, անգամ այրիների ու տնանկների ունեցվածքներին կարոտ: Եվ իբր արքան էր նրան իր ժառանգությունից ու գահից ուզում զրկել, քանի որ հասել էր նրան ժողովրդի աղաղակը: Սուտ է դա, զի Սուրենը հույժ օգտակար էր գահին և ձայներ էր խփում ընտրությունների ժամանակ...»
Գրի առան Նիկոլայ Թորոսյան, Հակոբ Կարապետյան ու Robert Tatoyan դպիրները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nikolay.torosyan/posts/664924000200791
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել