Ո՞վ կլինի թագավորը և կլինի՞ նա արդյոք։ Տարիներն անցնում են, իսկ Նազարը մնում է նույնը։ Բախտի բերմամբ գահին բազմած տիրակալը ոչ այլ ինչ է, քան մի անգետ ստահակ, որին անընդհատ հաջորդում են իր նմանները: Երկու տարի դադարից հետո «Նազա՛ր, Նազա՛ր մինչև վերջ» ներկայացումը կրկին Կամերային թատրոնի խաղացանկում է, իսկ երեկ կայացավ փոփոխված տարբերակի պրեմիրան, որին ներկա էր նաև BlogNews.am-ը:

«Այս գործը գրվել էր երեսունհինգ տարի առաջ, բայց, ցավոք թե բարեբախտաբար, շարունակում է մնալ ակտուալ: Բեմադրական որոշ փոփոխություններ են եղել, իսկ գաղափարը մնացել է նույնը, քանի որ այս գործը կարծես աշխարհի օրենքների վրա է հիմնված, իսկ այդ օրենքներն անփոփոխ են: Ցանկացած Նազար, երբ բարձրանում է գահին, մնում է նույն Նազարը. այս թեման հավերժական է, և կարծում եմ՝ ոչինչ չի փոխվել»,- նշում է պիեսի հեղինակ և բեմադրիչ Արա Երնջակյանը:

Դերասանական կազմում են Մխիթար Ավետիսյանը, Քեթրին Մանասյանը և Անդրանիկ Հարությունյանը: Ինչպես Արա Երնջակյանն է նշում, այս կազմի հետ փորձերը մեծ բավականություն են, որովհետև այն դերասաններն են, որոնք շատ պրոֆեսիոնալ են, և նրանց հետ աշխատելը հեշտ է: «Իհարկե, շատ ուրախ ներկայացում է, բայց ես կցանկանայի, որ գտնվեին մարդիկ, ովքեր այդ ուրախ տրամադրության տակ մտածելու առիթներ կունենան: Բոլոր դեպքերում այն լուրջ ասելիքով ներկայացում է»:

Ի դեպ, Կամերային թատրոնում դերասանական կազմի ավելացում կա. «Այս տարիների ընթացքում ես միշտ շատ լավ դերասաններ եմ ունեցել, առհասարակ, թատրոնի կազմը միշտ լավն է եղել: Հիմա նոր դերասաններ կան, մի քանիսն իմ ավարտական կուրսից են, այնպես որ, սերնդափոխությունը մեզ մոտ մեղմ է տեղի ունենում: Մեր թատրոնում առաջին հերթին կարևորում ենք «մարդս մարդ լինի» պայմանը։ Սա մի մեծ ընտանիք է, և եթե մարդկային հատկությունններով այս ընտանիքին մոտ չեղար, այստեղ գտնվելը հնարավոր չէ: Երկրորդն արդեն պրոֆեսիոնալ հատկություններն են, որոնք, ինչ խոսք, բավականին խիստ են այստեղ՝ պետք է ճկուն լինել, երգել, պարել: Ներկայացումներն այնպիսին են, որ դերասանին կարող է րոպեներ տրվեն մի կերպարից մյուսին անցնելու համար»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել