Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում 27 տարի անց քաղաքի շենքերից մեկի չորրորդ հարկի պատշգամբում «կայանված» ВАЗ-2106 մակնիշի ավտոմեքենան, որը դարձել էր իսկական տեսարժան վայր Թբիլիսի ժամանող զբոսաշրջիկների համար, իջեցվել է:
«Ժիգուլին» այդտեղ էր 1991 թվականից ի վեր:
Մեքենայի ու նրա՝ պատշգամբում հայտնվելու պատմությունը բավականին ուշագրավ է: Շենքի բնակիչ Ռեզո Էնուկիձեն տարիներ առաջ վերջապես գնել է ВАЗ-2106-ը, որի մասին երազել էր գրեթե ամբողջ կյանքում: Սակայն, դժբախտաբար, վայելել մեքենան նրան այդպես էլ չհաջողվեց: Հենց առաջին գիշերն անհայտ անձինք գողացել են մեքենայի անվադողերը: Տերն այնքան է վշտացել, որ դրանից հետո ամբարձիչով բարձրացրել ու կայանել է մեքենան շենքի չորրորդ հարկում գտնվող իր տան պատշգամբում:
«Մեքենան կմնա այստեղ մինչև լավագույն ժամանակները»,- ասել է տղամարդն իր հարևաններին:
Հետաքրքրական է, որ Էնուկիձեն այդպես էլ նոր անվադողեր չի գնել, սակայն տարիներ շարունակ մեծ խնամքով պահպանել, լվացել ու մաքրել է մեքենան:
Մեկուկես տարի առաջ Ռեզո Էնուկիձեն մահացել է: Օրերս համացանցում տարածվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է 27 տարի անց պատմական «Ժիգուլին» առաջին անգամ իջեցվում պատշգամբից: Ենթադրվում է, որ Էնուկիձեի հարազատները որոշել են վաճառել այն որևէ հավաքորդի: