Այսօր՝ ապրիլի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գրիգոր Լուսավորիչ փողոցի 17 հասցեի մոտակայքում ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ փրկարարները մարել են Երևանի բնակիչ 23-ամյա Միշա Բ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում առաջացած կրակը, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։

Պայթյուն-հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել