Հանրապետության հրապարակի հնարավոր փոփոխության մասին հանրության կարծիքով հետաքրքրվող քաղաքապետարանի որոշման մասին կարդացի զարմանքով: Մինչև այսօր այդ հրապարակի շուրջ կատարվող զարգացումների նկատմամբ երբևէ հանրության կարծիքով չհետաքրքրվող որոշումների շուրջ հանրության կողմից արտահայտվող կարծիքներում միշտ, միշտ, միշտ անհանգստություն է արտահայտվել, որ դրանք կարող է փոխեն հրապարակը: Այսինքն՝ մինչ այժմ հրապարակի հնարավոր փոփոխությունը միայն տագնապներ է առաջացրել, և դրանք բազմիցս արտահայտվել են: Դրանք բարձրաձայնվել են թե՛ «Արմենիա» հյուրանոցը «Մարիոթի» վերածելու, թե ԱԳՆ շենքը վաճառելու արդեն իրականացված որոշման, թե կառավարության շենքը վաճառելու հնարավորության դեպքերում: Այս հայտարարությունը առաջնային մտահոգություն է առաջացնում ԱԳՆ շենքի հետագա, հանրությանն անհայտ հնարավոր ծրագրերի հեռանկարում: Հավանաբար այդ շենքի ներկայիս տերերին խիստ անհրաժեշտ է Հանրապետության հրապարակի մի փոփոխություն, որը նախապես ծրագրավորված է այդ շենքի համար արդեն իսկ նախատեսված ֆունկցիոնալ փոփոխության հեռանկարում: Վստահ եմ, որ շուտով առատորեն կհնչեն նախապես պատրաստված առաջարկներ, «հանրային միտքը» կուղղվի դրանց քննարկումներին, և վերջում որոշում կընդունվի «ժողովրդական լայն զանգվածների ճնշման տակ»: Բայց եթե Հանրապետության հրապարակի փոփոխության շուրջ կարծիքի հարցում կա, ապա ես կառաջարկեի Լենինի արձանի նախկին տեղում տեղադրել երիտասարդ տարիքում դավաճանաբար զոհված Պապ թագավորի արձանը, մի թագավոր, որ իր կարճատև թագավորության շրջանում ոչ միայն հաջողությամբ փորձեց վերականգնել Պարսկաստանի ու Հռոմի միջև մասնատվող Մեծ Հայքը, այլև դեռևս չորրորդ դարում փորձեց լայն բարեփոխումներ անել Հայաստանի ներքին հասարակական-քաղաքական կյանքում և, բախվելով Հայաստանի նախարարական կենտրոնախույս ծրագրերին ու տնտեսական-նյութական անհագուրդ ախորժակ ցուցաբերող Հայոց նորաբաց եկեղեցու անթաքույց նկրտումներին` փաստացի զոհվեց նրանց իսկ ձեռքով: Որից հետո հայ նախարարները որոշեցին գնալ ու Հռոմից խնդրել իրենց գլխին օտար թագավոր դնել: Այսօր, երբ Հայաստանը ոչ մի կերպ չի կարողանում հաջողության հասնել իրական բարեփոխումներում, երբ Հայաստանի այսօրվա «նախարարական միտքը» զբաղված է Եվրոպա-Ռուսաստան կողմնորուշումների փնտրտուքով, երբ անորոշություն կա հայաստանյան հասարակության արժեհամակարգի մեջ, Պապ թագավորի կերպարին անդրադարձը կարող է խիստ խորհրդանշական լինել: Հռոմում (արևմուտքում) պատանդի կարգավիճակով մեծացած, կրթված, առաջադեմ աշխարհիկ հայացքներով երիտասարդ Պապը իր հայրենիք Հայաստանի համար երազում էր միայն ու միայն ինքուրույնություն, հասարակական հստակ արժեհամակարգ, զորավոր բանակ, աշխատող հասարակություն, ներքին միասնականություն: Երազում էր և աշխատում էր այդ ուղղությամբ: Դիմագրավելով թե՛ արտաքին ճնշումներին, թե՛ ներքին մասնավոր շահերին: Եվս մի խորհրդանշական համեմատություն` Պապ թագավորն էր, որ Հայաստանին վերադարձրեց Արցախն ու Ուտիքը և Աղվանքի հետ վերականգնեց Կուր գետով սահմանը: Նրա կերպարը խորհրդանշորեն լավագույնս է համապատասխանում այսօրվա Հայաստանի իրողություններին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hranush.kharatyan/posts/201621133323504
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել