Յուրաքանչյուրիս մոտ էլ լինում է մի վիճակ, երբ անհետանում է հետաքրքրությունն ամեն ինչի հանդեպ։ Առավոտյան մենք արթնանում են արդեն լարված, օրվա ընթացքում մեծ դժվարությամբ ենք ինչ-որ բան անում, իսկ երեկոյան կորցնում ենք վերջին ուժերը։ Բարեբախտաբար, կան մի շարք միջոցներ, որոնք կօգնեն ազատվել ապատիայից և վերադառնալ շարք։

Պլանավորում

Հաճախ ապատիան կարելի է բացատրել այն հանգամանքով, որ դուք ուղղակի խորտակվում եք գործերի մեջ և չգիտեք ինչպես գլուխ հանել դրանցից։ Ամեն առավոտ փորձեք կազմել ձեր օրվա առաջադրանքները։ Գրի առեք այն ամենը, ինչով ցանկանում եք զբաղվել օրվա ընթացքում։ Ամբողջը գլխում պահելու կարիք չկա․ այդպես դուք ուղղակի ավելորդ ծանրաբեռնում եք ձեր ուղեղը և ձեզ սթրեսի եք ենթարկում։

Գործերի ցուցակը գրեք թղթի վրա և այլևս ստիպված չեք լինի մտածել, որ որևէ բան եք մոռացել։

Երբ արդեն առաջադրանքները թղթի վրա գրված կլինեն, ընտրեք ամենակարևորները։ Եթե բոլոր առաջադրանքներն էլ կարևոր են, առանձնացրեք նրանցից ամենադժվարներն ու տհաճները և սկսեք դրանցից։ Շատերը սկսում են ամենահեշտերից, սակայն դա ամենալավ տարբերակը չէ, քանի որ այդ կերպ դուք ուղղակի վատնում եք ձեր էներգիան։

Կենտրոնացում

Նեյրոբիոլոգների կարծիքով՝ շատ առաջադրանքներ ունենալը ցրվածության, հոգնածության և ցածր արդյունավետության պատճառ կարող են դառնալ, այդ պատճառով էլ միաժամանակ մի քանի առաջադրանքի վրա մի կենտրոնացեք։ Սովորեցրեք ձեզ կենտրոնանալ մեկ առաջադրանքի վրա։

Երբ որ կավարտեք առաջադրանքը, նշեք դա ձեր կազմած պլանում և անցեք առաջ։

Աշխատեք անջատել բոլոր խանգարող սարքերը, անընդհատ մի ստուգեք ձեր էլեկտրոնային փոստը, դրա փոխարեն այն ստուգեք օրական երեք անգամ՝ առավոտյան, ճաշին և երեկոյան։

Ընտրություն

Ոչինչ չե՞ք հասցնում։ Հավանաբար ձեր առաջադրանքների ցուցակում դուք շատ բան եք ավելացրել։ Մտածեք, թե որից կարելի է հրաժարվել։ Այն կարող է լինել անհույս նախագիծ, որի վրա երկար ժամանակ է՝ տանջվում եք և այլն։

Հնարավոր չէ ամբողջը ավարտել, այնպես որ, դուք ստիպված պիտի ընտրեք։ Ժամանակ ազատեք ամենակարևոր առաջադրանքների համար, իսկ մնացածից ուղղակի ազատվեք։

Հանգիստ

Դուք չեք կարող ամբողջ օրը աշխատել։ Օրվա ընթացքում ձեզ կարճ դադարներ են հարկավոր, որպեսզի վերականգնեք ձեր ուժերը։ Ամեն ժամը մեկ 5 րոպեանոց դադարներ ունեցեք։ Հանգստի ընթացքում ամբողջությամբ մոռացեք աշխատանքային խնդիրների մասին։ Կարելի է մաքուր օդ շնչել, թեյ խմել և մի քանի հեշտ ֆիզիկական վարժություն կատարել։ Անգամ 5 րոպեանոց դադարը կօգնի ձեզ վերականգնել ուժերը և նոր ոգևորությամբ վերադառնալ աշխատանքին։

Աշխատանքից հետո էլ է լիարժեք հանգիստ հարկավոր։ Դուք ձեզ ավելի առույգ կզգաք, եթե ամեն օր նույն ժամին քնեք, սպորտով զբաղվեք, շատ քայլեք և քիչ նստեք համակարգչի առջև։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել