Armenpress.am-ը գրում է.

Քաղաքական ուժերն այս քարոզարշավին քիչ են խոսում իրենց տնտեսական զարգացման ծրագրերի մասին: ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը դա պատճառաբանում է նրանով, որ ՀՀԿ-ն ևս մասնակցում է ընտրություններին, և բոլորը խոսում ու հարցեր են տալիս ՀՀԿ-«Իմ քայլը» «հակամարտության» մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ավինյանը նման տեսակետ հայտնեց դեկտեմբերի 3-ին լրագրողների հետ ճեպազրույցում:

«Տնտեսական ծրագրերից մենք միշտ ցանկանում ենք խոսել: Շատ հարցազրույցներում և առհասարակ քաղաքական քննարկումներում տնտեսական զարգացման ծրագրերի մասին շատ ավելի քիչ է խոսվում: Կարծում եմ, որ սա կապված է նաև այն հանգամանքով, որ ՀՀԿ-ն մասնակցում է ընտրություններին, և կամա թե ակամա բոլորը սկսում են խոսել և հարցեր տալ ՀՀԿ-«Իմ քայլը» «հակամարտության» մասին: Կարծում եմ, որ սա հասկանալի է, սակայն ցավում եմ, որ իրական ծրագրերի մասին ավելի քիչ է խոսվում»,-ասաց Ավինյանը:

Նա նշեց, որ  այս առումով սա այն ցանկալի քարոզարշավը չէր, որ կցանկանային իրականացնել:

Անդրադառնալով հանրապետականների այն դիտարկմանը, թե «Իմ քայլը» դաշինքն իրենց շատ է անդրադառնում՝ Ավինյանն ասաց, որ անդրադարձը բնական է, քանի որ Հանրապետական կուսակցությունը սովորական քաղաքական ուժ չէ: «ՀՀԿ-ն այն ուժն է, որը վերջին երկու տասնամյակում եղել է իշխանություն և տապալել է գրեթե բոլոր ոլորտները: Քանի որ ՀՀԿ-ի կողմից մեր ուղղությամբ անընդհատ կան մեղադրանքներ, դրանք պահանջում են որոշակի պատասխաններ: Եվ այդ պատասխանները տրվում են»,-ասաց Ավինյանն ու հավելեց՝ ընդ որում դրանք շատ համոզիչ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել