Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի է ունեցել Կենդանաբանական այգում ուսումնասիրություններ կատարելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը: Ներկաներին ողջունել և արդյունավետ աշխատանք է մաղթել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Ինձ պետք է, որ այս խմբի ասածը լինի 100%-անոց եզրակացություն, որպեսզի իմանալով կազմը ոչ-ոքի մտքով անգամ չանցնի, որ այստեղ ինչ-որ այլ կարծիք կար կամ փորձել են ինչ-որ բան կեղծել ու գաղտնի պահել: Բաց լինելը և վստահություն վայելելը շատ կարևոր է: Ես ուզում եմ, որ այս խումբը լիարժեք վստահություն վայելի հասարակության կողմից»,- ընդգծել է քաղաքապետը:
Երևանի կենդանաբանական այգու գործունեության շուրջ հանրության շրջանում առաջացած հարցերի, առկա խնդիրների վերհանման և համապատասխան լուծումներին միտված անհրաժեշտ առաջարկներ ձևավորելու նպատակով, Երևանի քաղաքապետի կարգադրության համաձայն, ստեղծվել է աշխատանքային խումբ, որում, քաղաքային իշխանության ներկայացուցիչներից բացի, ընդգրկված են բնապահպան-կենդանասերներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու անհատներ:
Քաղաքապետ Հայկ Մարությանն աշխատանքային խմբից ակնկալում է երկարատև համագործակցություն նաև հետագա ծրագրերում:
«Ակնկալում եմ ոչ միայն համագործակցություն միայն այս խնդիրների ճանաչման ու հետագայում լուծման շուրջ, այլև ընդհանրապես, քաղաքում կատարվող գործընթացների առնչությամբ: Մասնավորապես, ինձ հետաքրքիր կլիներ աշխատանքային խմբի կարծիքը նաև կրկեսի աշխատանքի վերաբերյալ: Դա քաղաքապետարանինը չէ, իհարկե, բայց կենդանիների առումով քաղաքապետարանն այդտեղ իր դիրքորոշումը պետք է ունենա:
Աշխատանքային խմբին զուգահեռ՝ քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարությամբ ձևավորվել է նաև հանձնաժողով, որը կուսումնասիրի այգու նախորդ երեք տարվա ֆինանսատնտեսական գործունեությունը: