Գարեգին Նժդեհը իմաստուն խոսք ուներ. «Աղետավոր չէ կորուստներ ունենալը, աղետավոր է զուր կորուստներ ունենալը: Այսինքն, անցյալի դեպքերից խրատվել ու սթափվել չիմանալը: Իսկ ավելի պարզ՝ աղետավոր է վերագնահատումների անընդունակ լինելը: Առանց վերագնահատումի անիմաստ է որոնումը, իսկ առանց որոնումների ոչ միայն ժողովուրդների միտքն է մեռնում, այլև հենց իրենք՝ ժողովուրդները»:

Հայաստանի առաջին հանրապետությունը փաստացիորեն կորցրել է իր անկախությունը 1920 թ. դեկտեմբերի 2-ին՝ քեմալական Թուրքիայի և բոլշևիկյան Ռուսաստանի համատեղ ռազմական գործողությունների արդյունքում: Հետաքրքիր է իմանալը, որ հայկական արխիվներում պահպանվել է պաշտոնական փաստաթուղթ, որը վկայում է հայկական հանրապետության՝ իր կորցրած անկախության մասին:

Ներկայացնում ենք 1920 թ. դեկտեմբերի 2-ի այդ պատմական փաստաթուղթը: Այն կոչվում էր «Իշխանության փոխանցման մասին» ակտ և ընդունվել էր Երևանում՝ ՀՀ կառավարության կողմից: Իրականում այս փաստաթղթի էությունը կարելի է համարել պետության անկախությունը Խորհրդային Ռուսաստանին հանձնելը:

Ակտը ստորագրել է վարչապետ Սիմոն Վրացյանը, նախարարներ Արշակ Հովհաննիսյանը, Արշամ Խոնդկարյանը, Համբարձում Տերտերյանը, Դրաստամատ Կանայանը (Դրո) և կառավարության դիվանապետ Համլիկ Թումանյանը:

Ամեն ինչ միայն մեկ նախադասության մեջ էր պարփակված:

 «Նկատի ունենալով արտաքին հանգամանքների շնորհիվ երկրում ստեղծված կացությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը իր 1920 թվի դեկտեմբերի 2-ի նիստում որոշեց հրաժարվել Իշխանությունից և հանձնել Զինվորական և Քաղաքացիական բովանդակ Իշխանությունը զորաբանակի Ընդհանուր հրամանատարին, որի պաշտոնում նշանակել Ռազմական նախարար Դրոյին»:

Այս փաստաթղթի նախապատմությունը հետևյալն էր. 1920-ին սկսվեց քեմալական Թուրքիայի և բոլշևիկյան Ռուսաստանի մտերմությունը, և նույն տարվա աշնանը Հայաստանն արդեն ճաշակում էր այդ մտերմացման դառը պտուղները: Սեպտեմբերի 28-ին թուրքական բանակը, բոլշևիկներից մեծ ռազմական և ֆինանսական օգնություն ստանալով, արևմուտքից ներխուժեց  Կարսի մարզ, որը Հայաստանի անբաժանելի մասն էր համարվում, այնուհետև Ալեքսանդրապոլ՝ ներկայիս Գյումրի:

Նոյեմբերի 29-ին հյուսիս-արևելքից՝ Տավուշի կողմից Հայաստան մտավ 11-րդ Կարմիր բանակը և Իջևանում խորհրդային իշխանություն հաստատեց: Նոյեմբերի 30-ին Հայաստանում Խորհրդային Միության լիազոր ներկայացուցիչ նշանակվեց Բորիս Լեգրանը, և վերջնապահանջ ներկայացրեց Հայաստանի կառավարությանը ողջ իշխանությունն ամբողջական կերպով փոխանցել Իջևանում գտնվող և Բաքվում ռուս բոլշևիկների կողմից ստեղծված Հեղկոմին: Հակառակ դեպքում ռուս-թուրքական կոալիցիայի զորքերը պատրաստ էին հարձակմանը և մի քանի շամում Երևանի ու Էջմիածնի գրավմանը:

Ազգին ու երկիրը ամբողջական քայքայումից ինչ-որ կերպ փրկելու համար հայկական կառավարությունը ստիպված եղավ ընդունել վերջնապահանջը և Ակտն ընդունել դեկտեմբերի 2-ին:

Դրանից հետո՝ դեկտեմբերի 4-ին, Դրոն իր լիազորությունները հանձնում է Երևանում գտնվող խորհրդային Հեղկոմին, ինչից հետո Երևան են մտնում 11-րդ Կարմիր բանակի որոշ մասեր՝ վերջ տալով Հայկական հանրապետության անկախության գոյությանը:

Արդեն 1921-ի մարտին Մոսկվայի պայմանագրից ելնելով՝ Հայաստանը վերջնականապես զրկվեց իր օրինական հողերի մի մասից, որոնք հանձնվեցին Ադրբեջանին և Վրաստանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել