Մայրաքաղաքի բնակիչներին հուզող խնդիրներին անձամբ ծանոթանալու նպատակով Երևանի քաղաքապետն այսօր ընդունելություն է կազմակերպել քաղաքացիների հետ: Ողջունելով բնակիչներին՝ Հայկ Մարությանն ընդգծել է, որ նրանց հետ շփումը լինելու է պարբերական, և հետևողական ուշադրություն է դարձվելու բոլոր այն կուտակված խնդիրներին, որոնք լուծումներ են պահանջում:
Շինարարության թույլտվության տրամադրում, աղբահանության կազմակերպում, վթարային շենքերի խնդիր, հասարակական տրանսպորտի կանոնակարգում, աշխատանք, սեփականության իրավունքի գրանցում, առողջապահական ու կրթական ոլորտներն ընդգրկող հարցեր և այլն: Բնակիչները քաղաքապետի մոտ ընդունելության էին եկել տարբեր խնդիրներով:
«Բարձրացվող խնդիրների լուծման հարցում քաղաքացիների շահերից բացի, այլ շահ չի կարող լինել: Մենք պետք է գործենք միայն օրենքի շրջանակում և պետք է վարվենք այնպես, որ ոչ ոք չտուժի:Կան հարցեր, որոնք պետք է բերենք մեկ գաղափարի շուրջ և դրանց տանք համակարգային լուծումներ»,- ասել է Հայկ Մարությանը:
Բարձրացված հարցերի մի մասին քաղաքապետի կողմից տեղում տրվել են պատասխաններ, համապատասխան պարզաբանումներ և հանձնարարականներ: Քաղաքապետարանի լիազորություններից դուրս հարցերի մասով էլ քաղաքացիներն ուղղորդվել են իրավասու կառույցներ:
«Մենք բոլորս ծառայում ենք այն նպատակներին, որոնք դրված են մեր խնդիրները լուծելու համար: Սա նշանակում է, որ ամեն մեկս պետք է առավելագույնը անենք, որպեսզի քաղաքը զարգանա, որպեսզի քաղաքը գնա առաջ, սա է մեր նպատակը»,-ընդգծել է քաղաքապետը:
Ընդունելություններն, ի դեպ, կկրեն պարբերական բնույթ: Այն քաղաքացիները, որոնք չեն հասցնի գրանցվել քաղաքապետի մոտ ընդունելության համար, կարող են իրենց խնդիրները ներկայացնել քաղաքապետի՝ համապատասխան ոլորտները համակարգող տեղակալների հետ հանդիպումների ժամանակ։