168.am-ը գրում է.

Այսօր Չարենցավանում «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանին նախընտրական հանրահավաքի մասնակիցների մի մասը թույլ չտվեց սկսել իր քարոզը՝ պահանջելով լուծել քաղաքի N3 հիմնական դպրոցում ստեղծված խնդիրը։

Դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները չեն համաձայնում ընդունել վերջերս անցկացված տնօրենի մրցույթի արդյունքները, ըստ որոնց՝ հաղթել է Աննա Բալյանը, իսկ նախկին տնօրեն Լուսինե Կարապետյանը՝ պարտվել։ Դպրոցի աշխատակազմը պահանջում է Կարապետյանին նշանակել տնօրեն, հայտարարվել է դասադուլ։

Ն.Փաշինյանը հորդորեց նամակը փոխանցել, որպեսզի ինքն ուսումնասիրի հարցը, սակայն դա հարուցեց հավաքվածների դժգոհությունը։

«Կզբաղվեմ, ոտքի վրա նման հարցեր չեն լուծվում»,- ասաց Փաշինյանը, և կրկին դժգոհության աղմուկ բարձրացավ։

Նա մոտեցավ ուսուցիչներին և լսեց նրանց պահանջները։ Վերջիններս շնորհակալություն հայտնեցին ու ասացին, որ Փաշինյանն իրենց վերջին հույսն է։

«Դրական լուծում եք տալու մեր հարցին»,- պահանջեց ներկաներից մեկը։

Բայց Փաշինյանը խոստացավ «օբյեկտիվ» մոտենալ խնդրին։

«Դրական լուծում եք տալու մեր հարցին»,- պահանջը կրկնեց քաղաքացին։

«Յա, էդ սկսել եք դաղալություն անել, ասում եմ՝ օբյեկտիվ, ասում ա՝ չէ, դրական։ Տենց չի լինի»,- արձագանքեց Փաշինյանը։

Հավելենք, որ Լուսինե Կարապետյանը հայտարարել է, թե դպրոցի տնօրենի ընտրությունն անցկացվել է ուղղորդված և ի սկզբանե կանխորոշված է եղել դրա ելքը՝ ընտրություններից առաջ փոխել են դպրոցի կառավարման խորհրդի անդամներից 4–ին, որոնցից երկուսը մարզպետարանի ներկայացուցիչներ են և ՔՊ անդամներ։ Լ.Կարապետյանը նախկինում ՀՀԿ անդամ է եղել, սակայն թավշյա հեղափոխությունից հետո դադարեցրել է իր անդամությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել