Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է ամերիկյան «Նեյշնըլ ինսթրումենթս» ընկերության նախագահ Ջեյմս Թրուշարդին:
Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը նշել է, որ բարձր է գնահատում «Նեյշնըլ ինսթրումենթս» ընկերության դերն ամբողջ աշխարհում, մասնավորապես Հայաստանում ունեցած մեծ ավանդը՝ ինժեներական տեխնոլոգիաների զարգացման գործում: Հայկ Մարությանը տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետարանում ստեղծվել է «Երևան՝ խելացի քաղաք» հանձնաժողովը՝ հայեցակարգի և ռազմավարության մշակման, քաղաքում «սմարթ» լուծումների ներդրման և կատարվող աշխատանքները համակարգելու նպատակով:
Քաղաքապետը մասնավորապես կարևորել է նորագույն տեխնոլոգիաների կիրառումը քաղաքի առջև ծառացած հիմնական խնդիրների՝ տրանսպորտի և աղբահանության համակարգերի բարեփոխման հարցում:
«Խելացի քաղաքի գաղափարի հիմքում շարժման կառավարումն է՝ սկսած էլեկտրոնային չվացուցակների ներդրումից, կանգառների կահավորումից, լուսացույցերից, կայանատեղիների կառավարման կենտրոններից և այլն», - ասել է Հայկ Մարությանը՝ ակնկալելով ընկերության աջակցությունը և ակտիվ համագործակցությունը «սմարթ» հայեցակարգի մշակման և հետագա ծրագրերի իրականացման հարցում:
Ջեյմս Թրուշարդն իր հերթին ժամանակակից քաղաքի զարգացման հարցում կարևորել է նորարար տեխնոլոգիաների կիրառումը:
«Նեյշնըլ ինսթրումենթս» ամերիկյան ընկերությունը վիրտուալ սարքավորումների տեխնոլոգիաների և ավտոմատացված թեստավորման համակարգերի համար ծրագրային ապահովման մշակման և պատրաստման ոլորտում համաշխարհային առաջատարներից է:
Ջեյմս Թրուշարդը Հայաստանում է գտնվում Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրումների համար ՀՀ պետական մրցանակաբաշխությանը մասնակցելու նպատակով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել