Վալերիյ Օսիպյանը նրանց էլ մանրամասն ներկայացրել է ոստիկանության որդեգրած սկզբունքները՝ ընգծելով, որ անընդունելի է լինելու զարտուղի ճանապարհով քվեներ ստանալու մեթոդները․ մերօրյա ոստիկանությունն ի զորու է բացահայտելու ցանկացած ապօրինություն։
Վալերիյ Օսիպյանը հույս է հայտնել, որ թեկնածուները նույնպես շահագրգռված են թափանցիկ ու որակյալ ընտրություններ անցկացնելով, ուստի ոստիկանությանը պատրաստակամ կաջակցեն այդ գործում։ Ոստիկանության պետը ներկայացրել է նախընտրական շրջանում իրականացված կանխարգելիչ գործողությունները՝ ներկաներին հավաստիացնելով, որ դրանք ևս արդյունք են տալիս։
Վալերիյ Օսիպյանը թեկնածուներին և նախընտրական շտաբների ղեկավարներին հորդորել է կազմակերպվող կամ իրականացվող ցանկացած ապօրինության վերաբերյալ տեղեկություն ունենալու դեպքում անմիջապես ահազանգել։ «Վստահեցնում եմ, որ ձեր ոչ մի ահազանգ օդում չի մնա։ Մենք հետևողականորեն կարձագանքենք ու համապատասխան ընթացք կտանք»,-ամփոփել է Վալերիյ Օսիպյանը։
Աշխատանքային հաջորդ հանդիպումը մարզը սպասարկող ոստիկանների հետ էր։ Քննարկման առանցքային թեման դարձյալ ընտրության օրը ոստիկանական ծառայությունների ճշգրիտ կազմակերպումն ու իրականացումն էր։ Ոստիկանության պետը անձնակազմին հրահանգել է տեղերում ակտիվացնել աշխատանքը բնակչության հետ՝ ձևավորելով համագործակցային արդյունավետ դաշտ, որ քաղաքացիները ևս ներգրավվեն ապօրինությունների հայտնաբերմանը։
Վալերիյ Օսիպյանը Սյունիքի ոստիկաններից ևս պահանջել է ծառայողական պարտականությունները կատարելիս չթերանալ ու չտրտնջալ՝ հիշեցնելով, որ ինքը անբարեխիղճ ծառայողներին համակարգում չի հանդուրժի։ «Օրենքով ձեզ վերապահված լիազորություններն իրականացնելիս չկաշկանդվե՛ք որևէ մեկի ո՛չ կարողություններից, ո՛չ էլ դիրքից»,- ամփոփել է Վալերիյ Օսիպյանը՝ հիշեցնելով, որ բոլորը հավասար են օրենքի առջև։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել