Չնայած որ «սամուրայ» եզրույթը Ճապոնիայում օգտագործվում է զինվորական դասին առանձնացնելու համար, այնուամենայնիվ, այն նշանակում է «ծառայել»։ Սամուրայները ծառաներ էին համարվում։ Մենք այսօր սամուրայ ասելով հասկանում ենք էլիտար զորքեր կամ էլ ռազմական գաղտնի միավորում։ Սամուրայների իշխանության գագաթնակետին Ճապոնիայի բնակչության 10%-ը նրանց դասին էր պատկանում։ Սամուրայներն անվախ ռազմիկներ էին և հավանաբար դարձել էին Հին Ճապոնիայի ամենահայտի դասը։

Կին սամուրայներ

«Սամուրայ» տերմինը վերաբերում է միայն տղամարդկանց, սակայն ճապոնական սոցիալական դասակարգում հանդիպել են նաև կին սամուրայներ։ Նրանք տղամարդկանց հետ հավասար պատրաստվածություն էին ստանում։ Կին սամուրայներին անվանում էին «Օննա Բուգեյսյա»։ Նրանք տղամարդկանց հետ հավասար մասնակցում էին մարտերին։

Եթե սամուրայները կատանա էին օգտագործում, ապա կանայք օգտագործում էին նագինատա՝ երկար նիզակ՝ սուր ծայրով, որը կեռ սուր էր հիշեցնում։ Այսպիսի զենքը մնացածի հետ համեմատած ավելի թեթև էր և բավականին արդյունավետ։

Արևմտյան սամուրայներ

Ով տեսել է «Վերջին սամուրայը» ֆիլմը, նա կհասկանա, որ հատուկ պայմաններում արտասահմանցիները նույնպես կարող էին սամուրայ դառնալ։ Պատմությանը հայտնի են 4 արևմտյան սամուրայ՝ անգլիացի Ուիլյամ Ադամսը, հոլանդացիներ Յան Յոստեն վան Լոդենսթեյնը և Էդվարդ Շնելը, ինչպես նաև ծովային սպա Էժեն Կոլակը։

Սամուրայի թուրը

Ճապոնիայում միայն սամուրայները զենք կրելու իրավունք ունեին։ Նրանք առանց պատճառի կարող էին սպանել ցանկացած մարդու, սակայն կար մի պայման՝ զոհի սոցիալական կարգավիճակը պետք է ցածր լիներ։

Սամուրայները կրում էին տարբեր զենքեր։ 4-րդ դարում նրանք թուր էին կրում, որը կոչվում էր տյոկուտո։ 15-րդ դարից սկսած այս թրին փոխարինելու է գալիս կատանան՝ սամուրայների ճկվող զենքը։

Բուսիդո՝ սամուրայների օրենսգիրքը

«Բուսիդո» բառը կազմված է երեք հիերոգլիֆներից։ Առաջին երկուսը կազմում են «բուսի» բառը, որը նշանակում է ռազմիկի էություն։ Երրորդ հիերոգլիֆը՝ «դո»-ն, նշանակում է ուղի։ Բուսիդոն պահանջում էր անսահման նվիրվածություն ֆեոդալին, ինքնասպանություն սամուրայի պատիվը ոտնահարելու պարագայում, արգելք ստի և փողի ձգտման վրա։

Սամուրայների ինքնասպանության արարողությունը

Այն կոչվում էր խարակիրի, որը նշանակում է «փորի բացում», կամ էլ սեպուկու։ Այն ինքնասպանության ինքնակամ իրականացում էր։ Այն իրականացվում էր գերության նվաստացումից խուսափելու, տիրոջը հավատարմությունը ապացուցելու կամ էլ անմիջական հրամանատարի հանդեպ բողոք արտահայտելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել