Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանն այցելել է քաղաքապետարանի ենթակայության Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան։ Այս գրադարանից ամեն օր շուրջ 1500 ընթերցող է օգտվում: Էլեկտրոնային գրացուցակների ներդրված համակարգն ու գրադարանային գործառույթների ավտոմատացման ծրագիրը կիրառվում է գրադարանի բոլոր բաժիններում: Այսօր ընթերցողներին առաջարկում է նաև շուրջ 1 մլն 200 000 միավոր թվայնացված գրականություն, որը մատչելի է բոլորին՝ շուրջօրյա:
Կարևորելով ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը՝ Երևանի քաղաքապետի տեղակալն ընդգծել է, որ հաջողված այս փորձը պետք է ներդնել նաև մայրաքաղաքի մյուս գրադարաններում:
Քաղաքապետարանից նաև հայտնում են, որ Երևանի քաղաքապետարանի պատանի հանդիսատեսի թատրոնում Տիգրան Վիրաբյանը մի շարք խնդիրներ է առանձնացրել՝ մասնավորապես ջեռուցման, տանիքի վերանորոգման, հանդերձարանների ու դիմահարդարման սենյակների առնչությամբ: Նա նշել է, որ իր համար անընդունելի է թատրոնի շենքում ոչ բավարար ջերմաստիճանի ապահովումը:
«Լեփ-լեցուն դահլիճով ներկայացում ունեցող թատրոնը նման խնդիրներ չպետք է ունենա: Հրամցվող պատկերը, որ տեսնում եմ համացանցում և թատրոնում, տարբեր բաների մասին են վկայում: 360 տեղանոց դահլիճում 20 ներկայացում՝ դա նշանակում է 7000 հանդիսատես»,- նշել է Տիգրան Վիրաբյանն ու հանձնարարել գրանցել խնդիրները, որպեսզի ըստ առաջնահերթության դրանց լուծումներ տրվեն:
Փոխքաղաքապետը նշել է նաև, որ Պատանի հանդիսատեսի թատրոնում արդեն մեկ շաբաթ շարունակ ընթացող ստուգումների վերջնական արդյունքի վրա ազդեցություն չունենալու համար ստուգայցը պլանավորվել է այնպես, որ ստուգումներն արդեն ամփոփման փուլում լինեն:
«Եթե այսօր Պատանի հանդիսատեսի թատրոնը ամենանվազագույն ջերմաստիճանի առումով չունի անհանգստություն, այդտեղ ցանկացած որակի ստեղծագործություն ծնվելու դեպքում չի կարող դրական արձագանք ակնկալել: Մենք այստեղ շատ ավելի զգուշավոր պիտի լինենք, որովհետև գործ ունենք փոքրիկ հանդիսատեսի հետ, հետևաբար, մեր պատասխանատվության զգացումն ավելի մեծ է»,- նշել է Տիգրան Վիրաբյանը: