Ֆլուոկսետինի հիմքով հակադեպրեսանտները հակաբիոտիկների հանդեպ մի շարք բակտերիաների կայունություն են զարգացում, պնդում են University of Queensland-ի գիտնականները:

Գիտնականների խոսքով՝ այս նյութը բակտերիաների գենետիկ մուտացիաներ է առաջացնում, ինչը նրանց հակաբիոտիկների հանդեպ ոչ զգայուն է դարձնում:

Գիտնականները փորձարկումներ են անցկացրել Escherichia coli (E. сoli, աղիքային ցուպիկ) բակտերիաների վրա եւ հայտնաբերել, որ ֆլուոկսետինի ազդեցության ներքո աճած եւ զարգացած բակտերիաները հակաբիոտիկների բախվելիս դրանց արդյունքի հանդեպ կայունություն են դրսեւորել: Հետազոտողների խոսքով՝ այս բակտերիաները, մասնավորապես, զգալիորեն ավելի մեծ կայունություն են դրսեւորել քլորամֆենիկոլ, ամոկսիցիլին եւ տետրացիկլին հակաբիոտիկների նկատմամբ:

Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ բակտերիաների վրա ազդող ֆլուոկսետինի խտությունը որքան բարձր է եղել, այնքան արագ է զարգացել դրանց հակաբիոտիկակայունությունը:

Գիտնականների խոսքով՝ 2050 թվականին հակաբիոտիկների հանդեպ կայուն «սուպերբակտերիաներն» ամեն տարի կխլեն մինչեւ 10 միլիոն մարդու կյանք:

Ինչ վերաբերում է ֆլուոկսետինին, որն այնպիսի տարածված հակադեպրեսանտների գլխավոր բաղադրիչն է, ինչպես Prozac-ը եւ Sarafem-ը, ապա մասնագետները նախազգուշացնում են՝ այս նյութի մոտ 11 տոկոսը չի յուրացվում, մարմնից դուրս է գալիս եւ կոյուղու միջոցով շրջակա միջավայրում հայտնվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել