Աշնան ամիսներին խանութներում մեծ քանակությամբ առողջարար մրգեր են հայտնվում, որոնց շարքում իր առանձնակի դերն ունի խուրման:
Ներկայացնում ենք խուրմայի (եւ արքայանարնջի) 9 օգտակար հատկանիշները․
1. Խուրման մաշկի եւ տեսողական օրգանների առողջությունը պահպանող А վիտամինի մեծ պաշար է պարունակում: Բացի այդ՝ վերջինս նաեւ օրգանիզմն ուռուցքների աճից պաշտպանող բնական եւ որակյալ հակաօքսիդանտի համբավ ունի:
2. С եւ РР վիտամիններն ամրություն եւ բազմաթիվ հիվանդություններին դիմակայմանը միտված օժանդակություն են հաղորդում իմունային համակարգին: Բացի այդ՝ դրանք նաեւ նյարդային համակարգի համար են օգտակար․ կարող են անքնության եւ սթրեսների դեմ արդյունավետ պայքարի միջոց ծառայել:
3. Խուրման նաեւ կալիումի՝ սրտանոթային համակարգի համար չափազանց կարեւոր նշանակություն ունեցող միկրոտարրի հարուստ պաշար է առաջարկում: Բացի այդ՝ խուրմայի բաղադրիչները կարող են նաեւ զարկերակային ճնշման նվազեցման եւ աթերոսկլերոզի կանխարգելման հանգեցնել:
4. Խուրմայի բաղադրիչներից մեկը՝ մագնիումը, առողջության համար վտանգավոր տոքսիններն ու մնացուկները օրգանիզմից հեռացնելու հարցում կարող է օգտակար լինել: Համարվում է, որ այն նաեւ նյարդային համակարգը հանգստացնելու հատկություն ունի:
5. Խուրման երկաթի բաղադրությամբ նույնիսկ խնձորին է գերազանցում, ուստի անեմիայի դեմ պայքարի անփոխարինելի միջոց կարող է ծառայել:
6. Խուրման նաեւ բորբոքումների եւ պզուկների նկատմամբ հակում ունեցող մաշկի վրա բարենպաստ ազդեցության կարող է թողնել, ինչպես նաեւ դրա վաղաժամ ծերացումն ու թոշնումը կանխարգելել: Մասնագետները խորհուրդ են տալիս խուրմայի շերտերով դիմակ կրել մաշկին, եթե, իհարկե, դրա նկատմամբ ալերգիա չի դրսեւորվում:
7. Խուրման մարսողությունը բարեկարգելու եւ փորլուծությունը վերացնելու հատկություն ունի, սակայն մրգի՝ չհասած վիճակում չարաշահումը կարող է նաեւ փորկապության հանգեցնել:
8. Խուրմայի բաղադրությունը կազմող միկրոտարրերը քաղցկեղի որոշ տեսակների, մասնավորապես՝ թոքերի քաղցկեղի առաջացումը կանխարգելելու հատկություն ունեն, ուստի ծխողներին խորհուրդ է տրվում սննդակարգի մեջ անպայման խուրմա ներառել:
9. 100 գրամ խուրման շուրջ 62 կալորիա եւ բազմաթիվ սննդային բջջանյութեր է պարունակում, այնպես որ, նույնիսկ նիհարել ցանկացողները կարող են առանց երկմտելու սննդակարգի մեջ այս մրգատեսակը եւս ներառել: Միայն թե շաքարախտով հիվանդները պետք է խուսափեն խուրմայի կիրառությունից, քանի որ այն մեծ քանակությամբ գլյուկոզա է պարունակում: