Panorama.am-ը գրում է.

Այսօր, երբ  Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ)  երևանյան նստաշրջանի  ընթացքում մի շարք պատվիրակությունների ղեկավարներ հրաժարվեցին վերցնել իրենց շնորհված մեդալները, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ երբ կառույցի գլխավոր քարտուղարի հետ քննարկել են հարցը, նա ասել է, որ հարկավոր է մեդալներ տալ այն պատվիրակությունների ղեկավարներին, որոնք երկար տարիներ են ղեկավարել պատվիրակությունը:

«Բայց մեր մոտեցումը տարբերվում է: Մենք, նշելով պատվիրակության ղեկավարի անունը, մեդալը տալիս ենք պատվիրակությանը: Չէ՞ որ մենք դա տալիս ենք 25-ամյակի կապակցությամբ, և վստահ եմ, որ երբևիցե չի լինի այնպիսի պահ, որ բոլոր պատվիրակությունները ներկայացված լինեն 10 տարի կամ ավելի աշխատած ղեկավարներով:

Այդ առումով մենք Հաջիևի հետ պայմանավորվեցինք, որ մեդալներ կտանք բոլորին: Եվ հետագայում կազմակերպությունն ունի հնարավորություն առանձին պարգևատրելու երկարատև աշխատանքի համար նրանց, ովքեր հիմա ղեկավար չեն, սակայն երկար տարիներ ղեկավար են եղել: Հայաստանը և ես՝ որպես այս համաժողովի կազմակերպիչ,  ազնիվ ենք և պատրաստ ենք բոլորին պարգևատրել: Իհարկե, նրանք, ովքեր հրաժարվեցին, փաստորեն մերժեցին իրենց պատվիրակություններին ունենալ այդ հաճույքը»,-ասաց Բաբլոյանը:

Ինչ վերաբերում է Թուրքիայի պատվիրակության ղեկավարի՝ մեդալից հրաժարվելու քայլին՝ Բաբլոյանն ասաց, որ Թուրքիայի պատվիրակության ղեկավարը դեռ հաստատված ղեկավար չէ, և գլխավոր քարտուղարն այդ փաստը հատուկ նշեց, որ ճիշտ գնահատվի նրա հայտարարությունը:

«Թուրքիայի կողմից ղեկավարի պաշտոնակատարն էր, դրա համար նա գտավ, որ միայն ղեկավարը կարող է ընդունել մեդալը: Իսկ Ադրբեջանը և Վրաստանը թող իրենք ասեն, թե ինչու հրաժարվեցին: Իրենք գնահատեցին, որ իրենք կարճ են աշխատել և արժանի չեն: Մենք պատրաստ էինք պարգևատրել»,-ասաց Արա Բաբլոյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել