Վաղը՝ հունիսի 1-ին և Երեխաների պաշտպանության միջազգային օրը, տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» խաղատների և զվարճանքների հսկայական կենտրոնի բացումը, որը, հիշեցնենք, գտնվում է Երևան-Սևան մայրուղու՝ Բալահովիտ գյուղի հատվածում: «Փարավոնն» իր մեջ ներառում է հայտնի «Շանգրի Լա» խաղատունը, երկու մեծ բուրգեր, որոնք նույնպես խաղատներ են, «Կեմպինսկի» հսկայական հյուրանոցային ու կրկին խաղատնային համալիրը և մի քանի այլ շինություններ:

«Փարավոն» կենտրոնն իրականում բացվել է մայիսի 14-ին, երբ Աբովյան քաղաքում տեղի ունեցավ նույն Գ. Ծառուկյանի կառուցած Սուրբ Հովաննես Մկրտիչ եկեղեծու օծման արարողությունը: Գ. Ծառուկյանն իր հյուրերի համար ճոխ ճաշկերույթ էր կազմակերպել համալիրում: Ու թեև ԲՀԿ-ից հերքում էին, թե միաժամանակ տեղի է ունեցել նաև «Փարավոնի» բացումը, կազինոներն այդ օրն աշխատել էին հյուրերի համար: Հիշեցնենք, որ հյուրերի թվում էին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, արտասահմանյան այլ պաշտոնյաներ, նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու ՀՀ բազմաթիվ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Մամուլի հրապարակումների համաձայն՝ վաղը «Փարավոնի» արդեն պաշտոնական բացմանը նորից ներկա կլինեն Ս. Սարգսյանը, Հ. Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ վաղը Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի է ունենալու նաև Գ. Ծառուկյանի թոռների կնունքի արարողությունը, որը հետո նշվելու է «Փարավոնում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել