Panorama.am-ը գրում է.

Ապրիլյան պատերազմից հետո Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան նշանակված Ռուբեն Մելիքյանը հրաժարական տվեց այս տարվա սեպտեմբերին։ Նախքան հրաժարականը նա ներկայացրեց հատուկ զեկույց Ադրբեջանում հայատյացության փաստերի վերաբերյալ՝ դրանով, ըստ էության, ավարտելով 2016թ. ապրիլյան պատերազմի առթիվ սկսած փաստահավաք գործառույթ, որն ի սկզբանե կարևորել էր։

Այժմ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանն է մասնագիտությամբ քաղաքագետ և հանրային կառավարման մասնագետ  Արտակ Բեգլարյանը, որը Ազգային ժողովի կողմից ընտրվելուց հետո երդվեց՝ «պարտականություններս կկատարեմ անաչառ, առավելագույն բարեխղճությամբ և ջանասիրությամբ»։

Արտակ Բեգլարյանը պատասխանել է Panorama.am-ի հարցերին։

Panorama.am- Արցախում մարդու իրավունքների պաշտպանությունն ի՞նչ յուրահատկություններ ունի, արդյո՞ք այն մաքուր իրավական ոլորտում է, թե նաև քաղաքական՝ ելնելով  Արցախի կարգավիճակից։
Ա. Բեգլարյան- Մարդու իրավունքները հռչակագրային առումով համընդհանուր են և վերաբերում են բոլորին՝ անկախ որևէ հատկանիշից: Նույնը վերաբերում է նաև Արցախի բնակիչներին, սակայն աշխարհը դեռ չի հասել այդ համընդհանրության սկզբունքի լիարժեք իրականացմանը, և Արցախի բնակչությունը ևս իր մաշկի վրա զգում է մարդու իրավունքների փաստացի տարբերակվածությունը:
Յուրահատկությունները բխում են երեք հիմնական գործոններից, այն է՝ Արցախի չճանաչվածության հանգամանքը, Ադրբեջանի հետ հակամարտությունը և Արցախի հասարակության արժեհամակարգն ու հոգեկերտվածքը: Չճանաչվածության պատճառով Արցախը գրեթե ամբողջովին զրկված է միջազգային լավագույն փորձին հաղորդակից դառնալու հնարավորություններից: Հակամարտությամբ պայմանավորված մարդու իրավունքներին առնչվող մի շարք ոչ սովորական խնդիրներ ու առաջնահերթություններ են ի հայտ գալիս, առավել ևս, երբ Ադրբեջանը բավականին ագրեսիվ հակահայ քաղաքականություն է վարում: Իսկ ահա հասարակության արժեհամակարգն ու հոգեկերտվածքը ցանկացած հասարակության մեջ որոշակի յուրահատկությունների աղբյուրներ են, քանի որ որքան էլ մարդու իրավունքները համընդհանուր լինեն, միևնույն է՝ տեղային առանձնահատկությունները պետք է հաշվի առնվեն կոնկրետ քաղաքականություն մշակելու և իրականացնելու գործում:

Ընդհանրապես, պետության մեջ որևէ ոլորտ մեկուսի չէ, և բոլոր ոլորտները փոխազդում են միմյանց: Իսկ մասնավորապես տվյալ պարագայում, այո՛, արցախցիների իրավունքների պաշտպանությունն ավելի շատ է կապված քաղաքական հարցերի հետ, քան ճանաչված պետությունների քաղաքացիների դեպքում:

Panorama.am - Ի՞նչ նոր ծրագրեր ունեք, որոնք զուտ Ձերն են կամ թելադրված են այժմյան ժամանակով։
Ա. Բեգլարյան - Նախ, կարևոր է ընդգծել, որ շարունակելու եմ նախորդ Պաշտպանների ժամանակ մեկնարկած ծրագրերը: Իսկ նոր ծրագրեր նախատեսում եմ բոլոր հնարավոր ուղղություններում: Մասնավորապես, առաջիկա ժամանակահատվածում նախատեսում եմ կատարել ուսումնասիրություններ կոնկրետ իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ և հանդես գալ իրավունքների պաշտպանությանն ուղղված առաջարկներով: Կարևորում եմ պարբերաբար այցերն ու մշտադիտարկման աշխատանքները հատկապես փակ և կիսափակ կառույցներում, մասնավորապես՝ քրեակատարողական վարչությունում, հոգեթմրաբանական դիսպանսերում, տուն-ինտերնատում, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում, զորամասերում, ինչպես նաև կրթական ու առողջապահական հաստատություններում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել