168.am-ը գրում է.

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքը վերաքննիչ դատարանում մակագրվել է դատավոր Ռուբեն Մխիթարյանին։

168.am-ի այս տեղեկությունը հաստատեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի մամլո խոսնակ Էլեն Առաքելյանը:

Հիշեցնենք որ խոսքը Վճռաբեկ դատարանի՝ նոյեմբերի 15-ին կայացրած որոշման մասին է, համաձայն որի՝ Վճռաբեկ դատարանի կողմից, ի դեմս դատավոր Լիլիթ Թադևոսյանի, բեկանվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկվել նույն դատարան նոր քննության:

Վճռաբեկ դատարանի որոշմամբ մասնակի բավարարվել է Գլխավոր դատախազի բողոքը և մերժվել՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումյանի, Արամ Օրբելյանի, Հովհաննես Խուդոյանի և Ռուբեն Սահակյանի կողմից ներկայացված բողոքը:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը որոշումը հրապարակելիս նաև տեղեկացրել է, որ հատուկ կարծիք է հայտնել Վճռաբեկ դատարանի դատավոր Սերժիկ Ավետիսյանը՝ գտնելով, որ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքների վերաբերյալ վարույթն անհրաժեշտ է կասեցնել և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականության հարցով դիմել ՀՀ Սահմանադրական դատարան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել