Ինչպես արդեն բոլորիս հայտնի է, քաղաքապետարանը բաց մրցույթ է հայտարարել Հանրապետության հրապարակը նորոգելու համար: Այո, Հանրապետության հրապարակը համայն հայության քաղաքամայր Երևանի սիրտն է, և այն հնարավորինս էլ ավելի բարեկարգելը, գեղեցկացնելը միշտ էլ արդիական է: Բայց ինչքան էլ սիրտը լավ աշխատի, եթե նրան սնուցող օրգանները թերանան, այն չի կարող կատարել իր գործառույթը: Այ հարգելիներս, եկեք չմոռանանք, որ մեր մայրաքաղաքը մեկ ընդհանուր համակարգ է՝ բաղկացած տարբեր վարչական շրջաններից, որոնցում բազմաթիվ խնդիրներ իրենց բարդությամբ ավելի օրհասական են, քան մեր այդքան շատ սիրելի հրապարակը: Հասկանալի է չէ՞, որ այդ շինարարությունը թեկուզ առնվազն մի քանի հարյուր միլիոն դրամ է լինելու, այն կարելի է ուղղել բազմաթիվ խնդիրներից գոնե ամենաօրհասականներին՝ վթարված թեկուզ և մի քանի շենքերի նորոգմանը: Մենք ծայրամասերի հաշվին կենտրոնները լուսավորելով, միայն կենտրոնները «ավելի փայլեցնելով» չենք կարող լուծել ծայրամասերի խնդիրները: Քաղաքապետարանը և, ընդհանրապես, պետությունը պետք է զարգացման գնա «կենտրոն-ծայրամաս համաչափ զարգացումով»: Այլապես այդ զարգացումը կարող է բերել առավել խոցելիության:



