- Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, անցնենք հաջորդ թեզի պաշտպանությանը։ Ազիզ ջան, խնդրում եմ արձանագրի. գիտխորհուրդը ներկա է ողջ կազմով, թեզի թեման է «Երկրիր մոլորակի բնակչության վարքի անոմալիաների ուսումնասիրությունը հայ էթնոսի օրինակի վրա», թեզի հեղինակ՝ դոցենտ ՊըռռըՏըզ Ցիլմիլյոն Երրորդ, գիտական ղեկավար՝ Ճըզ Մազուպա, Մարսի համալսարանի երկրագիտության ամբիոնի պրոֆեսոր, օպպոնենտ՝ Միա Ծիծիլյա՝ երկրագիտության ինստիտուտի պրոֆեսոր։ Երիտասարդ, ներկայացրեք, խնդրում եմ, ձեր աշխատությունը։

- Գիտխորհրդի հարգելի անձնակազմ, հարգելի ներկաներ:
Մեր ուսումնասիրության թեման է երկրի քաղաքակիրթ բնակչության հիմքը կազմող արարածների՝ մարդկանց վարքում առկա անոմալիաների ուսումնասիրությունը, որը, համաձայն պրոֆեսոր Բոյ Պոպոյի վերջին ուսումնասիրության, իր առանձնակի արտացոլումն ունի «հայ» կոչվող էթնոսի վրա։

Գիտական թեզի հիմքում ընկած էր մեր կողմից իրականացված գիտափորձը, ըստ որի փորձել ենք կոնկրետ աշխարհագրական տեղանքում կուտակված հայ էթնոսի ներկայացուցիչներին մեր ինտերվենցիաների շնորհիվ դրդել ոչ անոմալ, ընդհանուր մարդկության համար բնորոշ ռեակցիաների։

19793_600

Այսպես՝ գիտափորձի նպատակով արդեն երեսուն երկրային տարուց ի վեր հայ էթնոսի վրա ներգործել ենք փորձություններ ծնող տարբեր ճառագայթներով.
1. փլուզել ենք հզոր պետությունը, որի մասն էր հայերի բնակավայրը,
2.այդ բնակավայրի արևելյան կողմում կուտակված ոչխարազգիների ինտելեկտի վրա բարձր հաճախականության գամմա ճառագայթումներ ուղղորդելու միջոցով վերջիններիս ագրեսիվությունը կտրուկ բարձրացրել ենք, ինչի արդյունքում սրանք մտել են հայերի հետ երկարատև հակամարտության մեջ,
3. շրջափակել ենք բոլոր սահմանները,
4. իրականացրել ենք բազմաթիվ և բազմագործոն այլ ինտերվենցիաներ, որոնք մանրամասն նկարագրված են հավելվածում։
Մի խոսքով՝ ապահովել ենք գիտափորձի համար անհրաժեշտ բոլոր պայմանները։

Փորձի շրջանակներում առաջարկված հիպոթեզը․ եթե հայ էթնոսի կարգավիճակը գնալով վատթարացնենք և ապահովենք գնալով ավելի դժվար պայմաններ, այդ էթնոսի ինքնապահպանման՝ անաբիոզ վիճակում գտնվող գենը կարթնանա, և վերջիններս կսկսեն գործել ներկայիս գործելաոճին միանգամայն հակառակ՝ տրամաբանական սխեմայով, ինչ հատուկ է մարդկության հիմնական հատվածին։

Սակայն, գիտափորձի արդյունքում պարզվեց, որ նշված պայմաններում անոմալիան գնալով մեծանում է։ Մասնավորապես՝ ամեն անգամ հերթական խնդիրը հասարակության գլխին կապելուց հետո հայերը, փոխանակ իրավիճակը հարթելու, սկսում են հանրության դժգոհությունները ավելի ևս մեծացնել իրենց հակատրամաբանական քայլերով՝ կլինի դա արտաթորանքի անհիմն թանկ հարմարանքներ ներկրելը, պատրաստի գետնածածկույթների վրայից նոր՝ նույնպիսի որակի գետնածածկույթ փռելը, նախկինում ապրած տաղանդավոր հայերի կողմից կառուցված շինությունները քանդելը ու փոխարենը անիմաստ նոր շինություններ կառուցելը և հասարակության լայն խավերին գրգռող բազմաթիվ այլ արարքներ։ Այսինքն՝ փոխանակ արտաքուստ հանգիստ իրավիճակ ապահովելու, հասարակության ուշադրությունը գեղեցիկ առարկաների ու երևույթների վրա շեղելու ու դրանով հանգիստ ու բարեկեցիկ կյանք ապահովելու, այս էթնոսի ղեկավարության որոշ ներկայացուցիչների գլուխը սկսում է, իրենց տերմինով ասած՝ «քոր գալ»։ Հենց լռում է հերթական սկանդալի ալիքը, ղեկավարությունը ջանք չի խնայում նոր սկանդալ ստեղծելու։ Սակայն, եթե նորմալ պետությունում այդ նոր սկանդալը կունենար սեռական, ոչ քաղաքական ուղղվածություն, ապա այստեղ սկանդալի հիմքում հայտնվում են իրենք իսկ։ Ու, համաձայն մեր եզրահանգման, դա կատարվում է նպատակաուղղված։

Մենք կարծում ենք, որ գիտափորձի հակասական արդյունքները պետք է մեկնաբանել այսպես. հայ էթնոսի մոտ մեծ է ինքնաքայքանման բնազդը, բայց և միաժամանակ տոկունությունը ու դժվարությունների հաղթահարման ունակությունը։ Քանի որ վերջին երկուսը թույլ չեն տալիս առաջինի իրագործմանը, այն սկսում է նորանոր փորձանքներ ծնել ու հրահրել նորանոր խժդժություններ։ Էթնիկ գենոմը ակտիվացնում է համապատասխան հակամարմինների՝ քաղաքական գործիչների, գլխավոր ճարտարապետների, վարչապետների, ընդդիմության լիդերների, օլիգարխների, և այլնի տեսքով, որոնք կատարում են ինքնաոչնչացման գենով պարտադրված ֆունկցիան։ Սա չի նկատվել երկիր մոլորակի բնակչության որևէ այլ էթնոսի մոտ։ Սրանում էլ հենց կայանում է թեզի նորարարությունը։

- Շնորհակալություն։ Խոսքը տրվում է գիտական օպպոնենտին։

- Հարգելի կոլլեգաներ։ Աշխատությունը, ինչ խոսք, մասշտաբային է և պետք է գնահատել երիտասարդ գիտնականի ողջ էնտուզիազմը, որով նա լծվել է գործին։ Սակայն ես ունեմ մի մտահոգություն՝ փորձի լիարժեքության հետ կապված։ Համաձայն Խոմ-Բառամուսիի տեսության՝ սույն գիտափորձը զսպել է էթնոսում առկա նորմալ տարրերի ակտիվությունը՝ առաջ բերելով վերջիններիս մասսայական ելքը նշյալ տարածքից, որով էլ ուժեղացրել է ինքնոչնչացման գենը կրողի ակտիվությունը։ Այսինքն՝ վերջիններս ակտիվացել են պատշաճ հակազդեցության բացակայության պատճառով միայն։ Նույնպիսի արդյունք կարելի է ակնկալել ցանկացած ազգության պարագայում։

- Ծիծիլյա Խըռըբըռըյեվնա, մեր գիտափորձի պայմաններում մենք կատարել ենք նաև միկրոփորձեր հայ էթնոսի առանձնյակների տարբեր թվաքանակներով խմբերի վրա։ Արդյունքը միշտ նույնն է թե՛ երեքհոգանոց խմբում, թե՛ երեքմիլիոնանոց։ Սա նշանակում է՝ խնդիրը համընդհանուր է և չի կայանում միայն առանձին, այսպես կոչված՝ «քաղցկեղային» տարրերի առկայության մեջ։ Գյուղական համայնքներում, օրինակ, գյուղացիներից մեկի բերքի վրա ներազդելով՝ առաջացրել ենք հավելյալ եկամուտ։ Հարստացած գյուղացին, փոխանակ գումարը գյուղատնտեսության ոլորտում ներդնելու, անմիջապես փորձել է իր համագյուղացիների աչքը ծակող միջոցառումներ իրականացնել, համագյուղացիներին կաշառելու միջոցով գյուղապետ ընտրվել և այլն։ Նույնը՝ մարզպետի, նույնը՝ քաղաքապետի ու նախարարի պարագայում։ Քաղաքային իշխանությունները, դեռ չմարսած կանաչ տարածքների ավիրման նախորդ փորձառությունից, նախորդ պրոբլեմատիկ ընտրություններից ծագած լարումը, անմիջապես հանձն են առնում իրենցից մեկի սին ամբիցիաներին հագուրդ տալու անիմաստ գործընթացի իրագործումը՝ անտեսելով դրա հնարավոր պայթյունավտանգ հետևանքները։ Սա պաթոլոգիա է։

- Շնորհակալություն, հարգելի կոլեգաներ։ Որպես գիտխորհրդի քարտուղար՝ թեզի պաշտպանությունը դնում եմ հարգելի գիտխորհրդի քվեարկությանը։ Իմ կողմից միայն կարող եմ առաջարկել, որ գիտափորձի պայմանները ավելի խստացվեն։ Եթե հիպոթեզը հաստատվեց՝ լավ, թե չհաստատվեց էլ՝ ոչինչ, էդ խեղճ մոլորակը էդ պարազիտ ազգից, զատո, կազատենք։ Երիտասարդ ջան, քյաբաբն ի՞նչ եղավ։

Մարսերեինց թարգմանեց Օվանիտասը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել