Operativ.am-ը գրում է

Լոս Անջելեսում շարունակվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն 2018»–ը, որն այս տարի ընթանում է «Արարենք միասին» խորագրով։ Ժամը 1։00–ի դրությամբ հանգանակվել է 2,881,657 դոլար։

Հրապարակվել է տեղեկություն մի քանի խոշոր հանգանակության մասին. 1 միլիոն դոլար Անդրանիկ Բաղդասարյանն է նվիրաբերել հիմնադրամին, 1 մլն 340 հազար դոլար՝ Տեր-Ղուկասյանների ընտանիքը, 122 հազար դոլար էլ՝ Վարդանյանների ընտանիքը:

«Հիմնադրամի նպատակները լիովին ազնիվ են, և նվիրատուների բոլոր գումարներն ու անգամ ամենափոքր լուման ծառայելու է իր նպատակին»,– հեռուստամարաթոնի ժամանակ հայտարարեց հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։

«Հիմնադրամը պետք է աշխատի նոր Հայաստանի ոգով։ Մեր սփյուռքահայ բոլոր հայրենակիցներն ու Հայաստանի քաղաքացիները միասին պետք է կերտեն նոր Հայաստան։ Հիմնադրամում մեծ փոփոխություններ են կատարվել և դեռ կատարվելու են։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ հիմնադրամի նախկին վստահությունն ավելանա, Հայաստանի նոր կառավարության որդեգրած նոր քաղաքականությունն ու մոտեցումները, կոռուպցիայի, հովանավորչության դեմ պայքարը բերելու են նրան, որ հիմնադրամի նկատմամբ վստահությունն օրեցօր աճելու է»,- ասաց Հայկակ Արշամյանը։

Հեռուստամարաթոնին նախորդել է հեռախոսամարաթոնը․ Համահայկական հիմնադրամի Բրազիլիայի կառույցը հավաքել է 30 000 դոլար, Տորոնտոյի կառույցը բարեգործական ճաշին հավաքել է 1 մլն 300 հազար կանադական դոլար: Եվրոպայի հայությունը հանգանակել է 1 մլն 242 հազար 460 եվրո:

Հիշեցնենք, որ նախորդ տարին «Բերքառատ Արցախ» խորագրով hեռուստամարաթոնի ընթացքում հավաքվել է 12,505,456 դոլար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել