Կենտրոն վարչական շրջանի բնակիչների հետ գույքահարկի իր վճարումն այսօր կատարել է նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի աշխատակիցներից քաղաքապետը հետաքրքրվել է՝ որքանո՞վ են Երևանի բնակիչներն ակտիվ իրենց հարկային պարտավորությունների կատարման գործում: Հայկ Մարությանը զրուցել է նաև բնակիչների հետ, լսել խնդիրների մասին ու վստահեցրել, որ դրանք քայլ առ քայլ կստանան լուծումները:
Շարժական և անշարժ գույքի կամ հողի տարեկան հարկի չափի ու վճարման ենթակա պարտավորությունների մասին տեղեկատվություն կարելի է ստանալ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական yerevan.am կայքից: Ի դեպ, վճարման ենթակա գումարի չափի մասին տեղեկատվությունը թարմացվում է ամեն օր:
Վճարման գործընթացը հեշտացնելու նպատակով քաղաքացիներին մի քանի տարբերակ է առաջարկվում: Նախ՝ PIN-կոդերն ու անհրաժեշտ այլ տեղեկատվություն ստանալու և վճարելու համար պետք է զանգել վարչական շրջանների թեժ գիծ կամ պարզապես այցելել վարչական շրջանի աշխատակազմ: Ստանալով կոդը՝ կարելի է նաև կայքում մուտքագրել այն և վճարում կատարել տեղում: Վճարել հնարավոր է նաև բջջային հավելվածների, վճարման տերմինալների միջոցով և բանկերում:
Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը նշել է, որ գույքահարկը մայրաքաղաքի կարիքները հոգալու ֆինանսավորման անհրաժեշտ աղբյուր է:
«Այս առումով շատ կարևոր է ապահովել ամբողջական հավաքագրում: Երևանի յուրաքանչյուր բնակիչ պետք է գիտակցի անձնական քաղաքացիական պարտականությունը ու նաև գույքահարկի պարտաճանաչ վճարմամբ մասնակցություն ունենա քաղաքի խնդիրների լուծմանը։ Շատ կարևոր է, որ մեր բնակիչները վստահ լինեն, որ, հարկային պարտավորությունները կատարելով, իրենց յուրաքանչյուր լուման գնում ու ծառայում է նպատակին, այդ թվում տարեկան և հնգամյա զարգացման ծրագրերի իրականացմանը», -շեշտել է նա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել