168.am-ը գրում է.

Այս տարվա հուլիսի 3-ին ձերբակալվեց յուրացումներ կատարելու, ինչպես նաև հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու մեջ կասկածվող՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը, ընդ որում, ձերբակալվեց էքշըն մարտաֆիլմի ժանրի բոլոր կանոններով։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի արդեն նախկին տնօրեն Արա Վարդանյանին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները ձերբակալել և նրան ուղեկցել էին ԱԱԾ հենց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության շենքի ընդունարանից։

Ինչպե՞ս էր դա եղել.  Արա Վարդանյանը դիմել էր Փաշինյանի հետ հանդիպման խնդրանքով, որպեսզի քննարկեն «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք հեռուստամարաթոնի այս տարվա կազմակերպչական աշխատանքները։ Հանդիպումը նշանակվել էր, և Վարդանյանը ներկայացել էր։ Վարչապետը զբաղված էր եղել, առաջարկել էին սպասել՝ մինչև նախորդող հանդիպումն ավարտվի։ Փաստորեն, Փաշինյանի «զբաղված լինելը» սցենարի մեջ էր տեղավորվում, որովհետև հենց ընդունարանում Արա Վարդանյանին են մոտեցել ԱԱԾ աշխատակիցները,  առաջարկել հետևել իրենց՝ Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ)։ Ազգային անվտանգության ծառայության երիտասարդ աշխատակիցներն ասել են, որ վարչապետի հետ հանդիպումը չի կայանա՝ «Դուք գալիս եք մեզ հետ»։

Հետո, իհարկե, այդպես էլ անհայտ մնաց՝ արդյոք Փաշինյանը հետաքրքրվե՞լ է, թե ուր է Արա Վարդանյանը. չէ՞ որ պայմանավորվածություն ունեին հենց այդ ժամին։

Ինչևէ։

Սրան հետևեց բոլորի արդարացի ցասումը, քանզի, ըստ պաշտոնական հաղորդագրությունների և համապատասխան գերատեսչությունների կողմից տարածված՝ հանցագործության մասին պատմող տեսանյութի՝ ոտնձգություն էր կատարվել սրբության սրբոցի՝ մեր հայրենիքի առաջնահերթ, ռազմավարական խնդիրները լուծելուն միտված, ժողովրդից կոպեկ-կոպեկ հավաքած գումարների նկատմամբ։

Ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ «Փաստական հանգամանքների ճնշման ներքո Վարդանյանը խոստովանել է, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը, դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում՝ դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն: Ըստ իր խոսքերի, վարկային քարտից վատնած միջոցները Վարդանյանը ետ է վերադարձրել հիմնադրամին հանգանակված գումարների հաշվին: Այնուհետ՝ անձնական միջոցները կանխիկ մուտքագրել է հիմնադրամի հաշվապահություն, դրանով իսկ թաքցնելով հիմնադրամի գումարների վատնման հանգամանքը: Միայն վերջին շաբաթվա ընթացքում Վարդանյանը հիմնադրամի բանկային քարտից մոտ 14 միլիոն ՀՀ դրամ է փոխանցել օնլայն խաղատներին, իսկ 2016-2018 թվականներն ընկած ժամանակահատվածում այդ գումարը կազմել է շուրջ 130 000 000 մլն ՀՀ դրամ»: Այսպես էր նշված ԱԱԾ պաշտոնական հաղորդագրության մեջ, որին կից ներկայացված էր տեսանյութը՝ շուրջ 10 տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամը ղեկավարած Արա Վարդանյանին՝ պրոֆիլ-անֆաս նկարահանումներով:

Հուլիսի 5-ին դատարանը, սակայն, որոշում կայացրեց 1 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Արա Վարդանյանին: Նրա փաստաբան Երվանդ Վարոսյանի փոխանցմամբ՝ Արա Վարդանյանին առաջին հերթին կալանավորելու որևէ իրավական հիմք չկար, օրենքով սահմանված հիմքերից որևէ մեկը չկար։ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը միջնորդել էր կալանավորել Վարդանյանին, բայց քննիչը չի առարկել, որպեսզի կալանքի փոխարեն՝ դատարանը գրավ կիրառի: Հավելենք, որ Վարդանյանը չէր ընդունել հիմնադրամից յուրացումներ կատարելու և լիազորությունները չարաշահելու մեղադրանքը:

Այսինքն՝ իշխանությունները, տեղեկատվական այդ «տեսարանների» շնորհիվ, կարողացան հանրությանը հրամցնել մի պատմություն, որը մատուցվեց՝ որպես դարի հանցագործություն։

Ամիսներ անց արդեն, երբ կրքերն արդեն հանդարտվել էին, panarmenian.net-ը փոխանցեց հիմնադրամի ներկայիս տնօրեն Հայկակ Արշամյանի խոսքերը.

«Հիմնադրամի գումարների կորուստ չի եղել: Հիմնադրամը շարունակում է գործել թափանցիկ: Նվիրաբերված յուրաքանչյուր ցենտ ուղվելու է իր նպատակին»։

Այս մասին Հայկակ Արշամյանը հայտարարել էր նոյեմբերի 16-ին Փարիզում՝ ֆրանսիական AYP ռադիոկայանի «Հայաստանն այսօր» հաղորդաշարի եթերում:

Հայկակ Արշամյանը Փարիզում էր ամենամյա հեռախոսամարաթոնի մեկնարկն ազդարարելու նպատակով:

Ուրեմն, ի՞նչ է ստացվում. մարդուն կարող են հանիրավի մեղադրել, նրանից ատելի հրեշի կերպար կերտել, փչացնել կյանքը, կարիերան, ստորացնել, հողին հավասարեցնել հասարակության մեջ ունեցած նրա դիրքը, ու հետո հանգիստ հայտարարել, որ գումարների կորուստ չի՞ եղել։

Մի կողմ թողնենք Արա Վարդանյանի հանդեպ կատարած քայլի հետևանքները, բայց կարելի՞ էր գոնե մտածել այն մարդկանց նվիրական զգացմունքների մասին, ովքեր, ըստ իշխանությունների, այժմ գումար ուղարկելուց առաջ շատ երկար կմտածեն՝ անուղղակիորեն կոչ անելով այլևս գումարներ չփոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին, որի շնորհիվ Արցախում և Հայաստանում կատարված աշխատանքների ծավալն անգնահատելի է։

Եվ մի բան էլ. ՀՀ շարքային քաղաքացին, այս ամենի մասին տեղեկանալով, կարո՞ղ է մտածել, որ շոուի նպատակը վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի նորաստեղծ «Իմ քայլը» հիմնադրամի «մրցակցին» չեզոքացնելն էր և «Հայաստան» հիմնադրամը՝ իր տարիներով ստեղծած կապերով, մարդկային ռեսուրսներով՝ իրենցով անելը։ Թերևս, կարող է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել